Twitter-ը սկսում է թվիթների համար նոր «Չհավանել» կոճակի գլոբալ թեստավորում, որը թույլ կտա օգտատերերին արտահայտել իրենց դժգոհությունը սոցիալական հարթակում գրառումների վերաբերյալ: Ընկերությունն արդեն կատարել է ֆունկցիայի սահմանափակ փորձարկում: Այս մասին գրում է 3dnews.ru-ն՝ հղում անելով MacRumors-ին։

«Մենք շատ բան ենք իմացել պատասխանների տեսակների մասին, որոնք օգտատերերը համարժեք չեն համարում, եւ մենք ընդլայնում ենք այս թեստը՝ ձեզանից շատերը բրաուզերում, ինչպես նաեւ iOS-ի եւ Android-ի համար հավելվածներում հնարավորություն կունենան օգտագործել բացասական գնահատականի կոճակը»,- ասվում է Twitter-ում:

Սոցիալական ցանցը հայտնում է, թե ավելի վաղ արված թեստերը ցույց են տվել, որ օգտատերերի մեծամասնության համար «Չհավանել» կոճակը սեղմելու պատճառն այն է, որ նրանք թվիթը որպես վիրավորական կամ անտեղի են ընկալում: Twitter-ը հայտնում է, որ նրանք, ովքեր արդեն փորձարկել են նոր գործառույթը, համաձայն են, որ այն բարելավում է սոցցանցում զրույցների որակը։

Հարկ է նշել, որ «Չհավանել» կոճակը տեսանելի է միայն թվիթը դիտողին: Սեղմումների թվի հաշվիչը տեսանելի չէ գրառման հեղինակին կամ այլ օգտատերերին: Twitter-ն ասում է, որ դա ներքին գործիք է, որը նախատեսված է Twitter-ին օգնելու ավելի լավ հասկանալ, թե մարդիկ ինչն են կարեւոր համարում զրույցի մեջ։