Ըստ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Արմեն Պետրոսյանի, հայկական էպոսները ներկայացնում են մեկ տոհմի մի քանի հերոսների պատմությունը․ այնտեղ միշտ հանդիպում են դիցաբանական՝ աստվածային ծագում ունեցող հիմնադիր երկվորյակային կերպարներ, որոնք, կամ նրանցից մեկը նոր քաղաք կամ մայրաքաղաք է կառուցում, կա ամպրոպային հերոս, որը սպանում է իր հզոր, առասպելական օձ-վիշապի հատկանիշներով թշնամուն, և մեռնող ու հառնող կերպար, որը կամ վերածնվում է, կամ հետագայում պիտի դուրս գա իր լեռնային քարանձավից։
Այսպես, «Վիպասանք» և «Սասնա Ծռեր» էպոսներում երկվորյակները (Երվանդ և Երվազ, Սանասար և Բաղդասար) հիմնադրում են իրենց նոր (մայրա)քաղաքները (Երվանդաշատ, Սասուն): Նրանց հաջորդում է իր թշնամուն սպանող և երկիրը հզորացնող մեծ հերոսը (Արտաշես, Դավիթ), ապա՝ քարանձավում փակված մեռնող և հառնող կերպարը (Արտավազդ, Փոքր Մհեր)։
Ազգածին ավանդության մեջ Հայկի՝ Հայաստանում հաստատվելու պատմությունը ևս միևնույն կառուցվածքն ունի, միայն ավելի բարդացած․ Հայկը գալիս է Բաբելոնից, հաստատվում է Վանա լճի մերձակայքում, հաղթում է Բելին։ Նրա ավագ որդի Արամանյակը տեղափոխվում է Արարատյան դաշտ, որտեղ նրա որդի Արամայիսը կառուցում է առաջին մայրաքաղաք Արմավիրը։ Արամայիսը և Արամանյակը իրենց նմանահունչ անուններով հիշեցնում են դիցաբանական երկվորյակներին, որոնք նոր քաղաք են կառուցում (սրա լավագույն զուգահեռն է հռոմեական երկվորյակներ Հռեմոսի ու Հռոմուլոսի և Հռոմի հիմնադրման լեգենդը): Ազգածին ավանդության վերջին հերոսներն են Հայաստանի հակառակորդներին հաղթող և երկիրը հզորացնող Արամ նահապետը և «մեռնող ու հառնող» Արա Գեղեցիկը։
Հայկի անունով են հայերը կոչել երկնքի ամենագեղեցիկ Օրիոն համաստեղությունը, իսկ Արայի անունով էլ՝ մի աստղ, թերևս մոլորակ։ Հնում համաստեղություններն ու աստղերը կոչվել են աստվածների՝ դիցաբանական կերպարների և երբեք ոչ իրական մարդկանց անուններով, այսինքն՝ Հայկը և Արան հնում աստվածներ են եղել։ Ինչպե՞ս են նրանց կերպարները վերածվել հայոց հիմնադիր առաջնորդների։
Բանն այն է, Հայաստանը, սկսած մ․թ․ա․ VI դարից, ավելի քան մեկ հազարամյակ, լինելով մեկ անկախ, մեկ Իրանի կայսրության կազմում, գտնվել է իրանական հզոր ազդեցության տակ, իսկ Արշակունիների տիրապետության առաջին շրջանում, արքաները նշանակվել են Իրանի արքայական դինաստիայի անդամներից և խոսել են պարթևերեն։ Իրանական են մեր բազում պետական, ռազմական և կրոնական եզրույթներ, ապա և՝ նախաքրիստոնեական աստվածների մեծ մասի անունները՝ Արամազդ, Անահիտ, Վահագն, Միհր, Տիր (մնացած աստվածներից Բարշամինան և Նանեն միջագետքյան են, և միան Աստղիկն է հայկական ծագման)։ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո, Սելևկյանների, Արտաշիսյանների և Արշակունիների դարաշրջանում Հայաստանում ուժեղ է եղել նաև հունական ազդեցությունը, որի հետևանքով նույն այդ աստվածները սկսել են կոչվել նաև հունական անուններով՝ Դիոս (Զևս), Արտեմիս, Հերակլես, Հեփեստոս, Ապոլոն, Աթենաս, Ափրոդիտե։ Իսկ կրոնական փոփոխությունների ժամանակ հին աստվածները և դիցաբանական կերպարները իրենց դիրքերը զիջելով նորերին, հաճախ չեն մոռացվում անհետ, այլ անցնում են ավելի ցածր՝ էպիկական մակարդակ, դառնալով էպիկական հերոսներ։
Հայկի և նրա հաջորդ նահապետների ավանդությունը, այսպիսով, հին աստվածների սերունդների պատմությունն է, որ իջել է էպիկական մակարդակի։ Առաջին աստվածների դարաշրջանի գլխավոր՝ տիեզերքի ստեղծման կամ տիեզերածնության առասպելը վիպականանալով, ձեռք է բերել պատմական տարրեր և դարձել ազգածին ավանդություն․ այս դեպքում ստեղծվում է ոչ թե ողջ աշխարհը, այլ Հայաստանը։
«Կրոնական փոփոխության ժամանակ աստվածների վիպականացումը հայտնի երևույթ է, բայց եթե Եվրոպայում կրոնական այդպիսի մեծ փոփոխությունը տեղի է ունեցել մեկ անգամ, հեթանոսությունից քրիստոնեություն անցման ժամանակ, ապա մեզանում այն կրկնվել է մի քանի անգամ։ Առաջինը տեղի է ունեցել իրանական ազդեցության, երկրորդը՝ հելենիզմի դարաշրջանում (երբ աստվածները սկսել են կոչվել իրանական, ապա նաև հունական անուններով), իսկ երրորդը՝ քրիստոնեություն ընդունելուց հետո։
Հին դիցաբանական կերպարների՝ նորով փոխարինվելու երևույթը տեսնում ենք նաև այդ վերջին շրջանում։ Ողջ քրիստոնեական աշխարհում հեթանոսական մայր աստվածուհու տեղը զբաղեցրել է Մարիամ Աստվածածինը, մյուս աստվածների տեղը՝ այլևայլ սրբեր, ինչպես ամպրոպի աստծունը՝ Եղիա մարգարեն, պատերազմի աստծունը՝ սուրբ Գևորգը և այլն։ Մեզանում մի շատ հետաքրքիր օրինակ է Սուրբ Կարապետը, որը ձեռք է բերել ամպրոպային և ռազմական գործառույթներ։ Թվում է, թե Սուրբ Կարապետը, այսինքն՝ Հովհաննես Մկրտիչը ի՞նչ կապ ունի ռազմի գործի հետ, նա Քրիստոսին մկրտողն է։ Բայց նրան նվիրված առաջին տաճարը կառուցվել է Վահագնի պաշտամունքի տեղում, որի հետևանքով և նրան են անցել Վահագնի գործառույթները», - ասում է գիտնականը։
Արմեն Պետրոսյանը երկար տարիներ զբաղվել է համեմատական առասպելաբանությամբ, և փորձել է ցույց տալ, որ հայկական դիցաբանությունն ուղղակի չի կրկնում իրանականը, այլ ունի ուրույն և ավելի հին, բնիկ հայկական՝ հնդեվրոպական շերտեր։ «Մինչև իմ ուսումնասիրությունները, կարելի է ասել, որ հին հայկական առասպելաբանությունը, ապա և հայկական նախաքրիստոնեական մշակույթը (հնում առասպելաբանությունն է իր մեջ ամփոփել ողջ մշակույթը՝ կրոն, փիլիսոփայություն, գիտություն, գրականություն և արվեստ), համարվում էր համարյա ամբողջապես փոխառված իրանականից, ընդ որում, և՛ կերպարային, և՛ անվանական մակարդակով հայկական ոչինչ չէր բացահայտվում։ Հիմնականում իրանական և շատ ավելի փոքր քանակությամբ՝ հին արևելյան տարրեր էին տեսնում, առանց որևէ բնիկ հայկական նյութի (այս մոտեցումը բնորոշ էր հատկապես արևմտյան գիտնականներին)։ Հայկականը պետք էր բացահայտել», - ասում է գիտնականը։
Մինչդեռ պարզվում է, որ իրանական անունների տակ թաքնված են ավելի հին կերպարներ։ Օրինակ, հայոց գերագույն աստված Արամազդի տաճարը գտնվել է Անի Կամախում։ Խեթական դարաշրջանում, մեզանից երեք ու կես հազարամյակ առաջ Կամախն արդեն քաղաք էր, այնքան նշանավոր իր ամպրոպի աստծով, որ նրա պաշտամունքը տարածված էր ողջ խեթական կայսրությունում։ «Հայտնի է, որ սրբավայրերը երկար դարեր կարող են պահպանել իրենց սրբազան նշանակությունը։ Եվ Խորենացին հիշում է Արամազդի «ամպրոպային» կոչումը։ Այսինքն, դա հին տեղական ամպրոպի աստծո պաշտամունքն է, որն իրանական ազդեցության դարաշրջանում վերանվանվել է իրանական անունով», - ասում է Արմեն Պետրոսյանը։ Մինչդեռ իրանական Ահուրա Մազդան ամպրոպային հատկանիշներ չի ունեցել։ Կամ, օրինակ, Միհրը հայերի մոտ նույնացվել է Հեփեստոսի հետ, որը հունական ստորգետնյա կրակի և դարբնության աստվածն էր։ Իսկ Իրանում Միհրը արևի աստված էր։ Այլ է նաև մեր ամպրոպի մյուս աստված Վահագնը՝ նրա իրանական անվանակիցը ամպրոպային հատկանիշներ չի ունեցել։ Այսինքն, այս աստվածները ևս հին տեղական կերպարներ են, որոնք իրանական անուններ են ստացել ավելի ուշ։
«Ինչպես ասվեց, հին առասպելական կերպարները պահպանվել են էպոսներում։ Աբեղյանը ցույց է տվել, որ Սանասարը ամպրոպի աստծո կերպարն է (նա է ձեռք բերում Սասնա հերոսների զենքը՝ Թուր կեծակին), բայց կարելի է ցույց տալ, որ նա ուղղակի Վահագնի ժառանգն է, նրա վիպական փոխակերպումը», - ասում է նա։
Գիտնականի խոսքով, մեր հին աստվածների պաշտամունքում և էպոսում հնարավոր է բացահայտել չափազանց հին, ընդհուպ մինչև հնդեվրոպական՝ բնիկ հայկական շերտեր։ Այսպես, «Վահագնի ծնունդը», չափազանց նման է հնագույն հնդկական՝ վեդայական հիմներին (ընդհանրապես, հնդեվրոպական առասպելաբանությունը և պոեզիան լավագույնս պահպանվել են հին հնդկական ավանդույթում)։ Ըստ գիտնականի, «Սասնա ծռերում» էլ հնդեվրոպական զուգահեռները բազմաթիվ են։ Օրինակ, հնդկական «Ռամայանա» էպոսի մեծ հերոս Ռամայի ծնունդը նկարագրվում է այսպես․ արքայի երեք կանայք խմում են պայաս, որը կաթնային խմիչք է։ Առաջին կինը խմում է գավաթի կեսը, երկրորդը՝ կեսի կեսը, երրորդը՝ մնացածի կեսը, ու մնացածը վերադարձնում երկրորդ կնոջը։ Եվ այդ կանայք ունենում են որդիներ՝ առաջինը՝ Ռամային, երկրորդը, որ երկու անգամ էր խմել, երկվորյակներ, երրորդը՝ Բհարատային, որոնց ուժը համապատասխանում է նրանց մայրերի խմած պայասի քանակին։ «Եթե ամեն ինչը բազմապատկելու հնդկական ավանդույթը հանենք, կստանանք հերոսների մայրերի 2/1 հարաբերակցությամբ խմած կաթնային խմիչք, իսկ Ծովինարը մի բուռ, ապա կես բուռ ջուր է խմում կաթնաղբյուրից, որի հետևանքով ծնվում են Սանասարն ու Բաղդասարը», - ասում է նա։
Հնդեվրոպական «հիմնական առասպելի» համաձայն, ամպրոպի աստվածն իր կայծակնային զենքով հաղթում է առասպելական օձ-վիշապին, որի անունը ծագում է հնդեվրոպական *wel- արմատից: Աստծո հաղթանակից հետո սկիզբ են առնում ջրերը, անձրև է գալիս, պտղաբերում է երկիրը:
Այս *wel-ը հայերենում կանոնավոր կերպով դառնում է «գեղ»: Այդ տարրը, ինչպես նշում է Արմեն Պետրոսյանը, լայնորեն ներկայացված է հայկական անվանաբանության, այդ թվում՝ նաև դիցաբանության մեջ: Հիշենք, օրինակ, Գեղամին, Արա Գեղեցիկին և Տորք Անգեղին, երեքն էլ Հայկի տոհմից։ Ապա, բազում տեղանուններ կան հատկապես Գեղամա լճից (Սևան) արևմուտք, Գեղամա լեռներում և Գեղարքունիք գավառում։ Եվ հենց այստեղ են մեծ քանակությամբ կուտակված վիշապի քարակոթողները, որոնք, հավանաբար, հնագույն հայերենում հենց «գեղ» են կոչվել, իսկ իրանական «վիշապ» անվանումը ձեռք են բերել ավելի ուշ։ Դրանք, ըստ հնագիտական տվյալների, հայտնվում են մ․թ․ա․ երրորդ հազարամյակի վերջին դարերում և ավելի քան հազար տարի մնում երկրի ամենանշանակալի հուշարձանները։ Դա հենց այն դարաշրջանն է, երբ մեր տարածաշրջանում հայտնվում են ռազմատենչ հնդեվրոպական ցեղերը և սկսվում է հայկական լեռնաշխարհի պատմության նոր էտապը։
Անահիտ Սարգսյան





























