Կուզենայի ձեզ տեղեկացնել, որ իմ գործընկեր, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ հունվարի 14-ին հանդիպել է Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ. այսօր, Վիեննայում տեղի կունենա բանագնացների երկրորդ հանդիպումը: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Լիահույս ենք, որ Թուրքիան կվերանայի 1993 թվականից ի վեր անկախ Հայաստանի նկատմամբ վարվող փակ սահմանների քաղաքականությունը:

Մենք պատրաստակամ ենք համագործակցության կամուրջներ ունենալ ինչպես հարեւան երկրների, այնպես էլ տարբեր ձեւաչափերում գործող միջազգային կազմակերպությունների հետ` ի նպաստ մեր երկրի զարգացման ու տարածաշրջանում խաղաղության ամրապնդման:

Վստահ եմ, որ Եվրոպական միությունն այն կառույցն է, որն իր առաքելությամբ կաջակցի այդ խաղաղության ու կայունության հաստատմանը, իսկ մենք` խորհրդարանականներս, կօգտագործենք խորհրդարանական դիվանագիտության բոլոր լծակները մեր տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների հաստատման եւ հարգման ուղղությամբ»: