Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապը ստիպված է եղել այս կիրակի չեղարկել Ֆլորենցիա ուղեւորությունն ու Մեծ պահքի մեկնարկի պատարագը հաջորդ շաբաթ՝ ծնկի ցավի սրացման պատճառով, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Վատիկանի մամուլի ծառայությանը։
85-ամյա Ֆրանցիսկոսը տառապում է իշիասով (նստատեղի նյարդի ցավ), որը ծնկի ցավեր է առաջացնում։
Վատիկանի մամուլի քարտուղար Մաթեո Բրունին տեղեկացրել է, որ Հռոմի պապի բժիշկը նրան «ավելի երկար հանգստի խորհուրդ է տվել»։
Ֆլորենցիայում Հռոմի պապը պետք է պատարագ մատուցեր եպիսկոպոսների եւ Միջերկրածովյան շրջանի քաղաքապետերի հետ հանդիպումից հետո։ Պատարագի ժամանակ նա պետք է ոտքի վրա մնար մի քանի ժամ։
Մեծ պահքի մեկնարկի օրը նա պետք է գլխավորեր թափորը հռոմեական երկու եկեղեցիների միջեւ Մեծ պահքի քրիստոնեական սեզոնի առաջին օրը։
Հինգշաբթի երեկոյան Ֆրանցիսկոսը մասնակցել է ամբողջ աշխարհի ուսանողների հետ հեռավար զրույցին։ Նա նստած էր իր նստավայրի սենյակներից մեկի սեղանի մոտ, եւ կարծես ցավ չէր զգում՝ զրուցելով եւ կատակելով ուսանողների հետ։
Հուլիսին Ֆրանցիսկոսը 11 օրով հոսպիտալացվել էր հաստ աղիի մի հատվածի վիրահատության համար։ Ոչ երկարատեւ հանգստից հետո նա սեպտեմբերին հոգնեցուցիչ ուղեւորություն էր կատարել դեպի Հունգարիա եւ Սլովակիա։
Այդ ժամանակվանից նա ընդհանուր առմամբ առողջ է, բայց երբեմն դժգոհում է ոտքի եւ ծնկի ցավից։



























