Այս տարի Նիգերիայում Լասա տենդի հետեւանքով զոհերի թիվը հասել է 86-ի: Այդ մասին կիրակի հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Նիգերիայի Հիվանդությունների հսկողության կենտրոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կենտրոնի մասնագետների խոսքով՝ փետրվարի 14-21-ն ընկած ժամանակահատվածում երկրում այդ վտանգավոր հիվանդության հետեւանքով մահացել է 21 պացիենտ, հայտնաբերվել է 91 նոր վարակակիր: Ավելի վաղ կենտրոնից հայտնել էին 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ 59 մահացածների մասին: Ներկայիս բռնկման շրջանակում, որը շարունակվում է ավելի քան մեկ տարի, վարակվածների մահացության մակարդակը կազմում է 19 տոկոս:
Նիգերիայում 2021 թվականին Լասա տենդի հետեւանքով գրանցվել է ավելի քան 80 մահվան դեպք: Այդ հիվանդության նախորդ բռնկումը գրանցվել էր երկրում 2017-2018 թվականներին:
Լասա տենդն իրենից ներկայացնում է սուր վարակիչ վիրուսային հիվանդություն, որը պատկանում է հեմոռագիկ տենդերի խմբին: Դրա մի շարք ախտանշանները հիշեցնում են Էբոլա վիրուսը: Լասա տենդը լայնորեն տարածվել էր Արեւմտյան Աֆրիկայում, այդ թվում՝ Նիգերիայում, Լիբերիայում, Գանայում, Գվինեայում եւ Սիերա-Լեոնեում: Ամեն տարի այդ երկրներում տենդով վարակվում է ավելի քան 500 հազար մարդ, որոնցից շուրջ 5 000-ը՝ մահվան ելքով:
Տենդի հարուցիչներն են վիրուսները, որոնք փոխանցվում են կրծողների՝ նախ առնետների միջոցով: Մարդը վարակվում է առնետներից վարակված սննդի կամ առարկաների հետ շփման հետեւանքով: Հայտնվելով մարդու օրգանիզմում՝ Լասա տենդի վիրուսները կարող են փոխանցվել վարակակրից մյուս մարդկանց: Արեւմտյան Աֆրիկայում հիվանդության գագաթնակետը գրանցվում է չոր սեզոնի ժամանակ (դեկտեմբեր-ապրիլ), որը համընկնում է առնետների բազմացման շրջափուլի ավարտի հետ:
Լասա տենդի դեմ պատվաստանյութ չկա, ուստի այդ հիվանդության տարածումը կանխարգելելու գործում իշխանությունների հիմնական ջանքերն ուղղված են տեղական բնակիչների շրջանում հիգիենայի կանոնների պահպանման ապահովմանը:





























