Փետրվարին Թուրքիայի գնաճի տարեկան մակարդակն արագացել է՝ հասնելով 2002 թ․ ի վեր ամենաբարձր մակարդակին, հաղորդում է AP-ը: 

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը հայտնել է, որ փետրվարին անցյալ տարվա համեմատ սպառողական գներն աճել են 54,44 տոկոսով․ սա ավելի շատ է, քան հունվարին (49 տոկոս)։  

Համեմատության համար՝ փետրվարին եվրո օգտագործող 19 երկրներում տարեկան գնաճն աճել է ռեկորդային 5,8 տոկոսով, իսկ հունվարին ԱՄՆ-ում՝ 7,5 տոկոսով, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին 40 տարվա ընթացքում։     

Թուրք սպառողները տուժել են գների աճից՝ անցյալ տարի տոկոսադրույքների՝ մի քանի անգամ նվազեցումից հետո, ինչը առաջացրել է արժութային ճգնաժամ: 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կտրականապես դեմ է հանդես եկել փոխառությունների բարձր արժեքին՝ պնդելով, որ դա գնաճ է առաջացնում։  

Թուրքիայի Կենտրոնական բանկը սեպտեմբերից 5 տոկոսային կետով նվազեցրել է տոկոսադրույքները մինչեւ 14 տոկոս՝ չնայած գնաճի բարձր տեմպերին։ Թուրքական լիրան անցյալ տարի կորցրել է իր արժեքի 44 տոկոսը։ 

Իրավիճակը մեղմելու համար կառավարությունն անցյալ ամիս նվազեցրել է հիմնական սննդամթերքի ԱԱՀ-ն նախկին 8 տոկոսից մինչեւ 1 տոկոս։