ԱՄՆ-ը Ֆրանսիային է վերադարձրել Փարիզի կատակոմբներում գտնված գանգն ու Ատլանտյան օվկիանոսում խորտակված նավից հանված ոսկու ձուլակտորները, հաղորդում է AFP-ը:  

Արժեքավոր իրերը, այդ թվում հռոմեական հնագույն մետաղադրամը փոխանցվել են Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանի նստավայրում «ռեստիտուցիայի» արարողության ժամանակ։

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Սթիվ Ֆրենսիսը Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Էթյենի հետ միասին ներկայացրել է իրերը եւ մանրամասնել, թե ինչպես են ԱՄՆ-ի իշխանությունները աշխատել իրենց ֆրանսիացի գործընկերների հետ, որպեսզի դրանք վերադարձնեն ֆրանսիացիներին։

Ոսկու հինգ ձուլակտորներն ի սկզբանե գողացել են «Արքայազն դե Կոնտի» նավից, որը խորտակվել է 1746թ․ դեկտեմբերին ֆրանսիական Բել-Իլ-ան-Մեր կղզու մոտ։

Նավի մասին վաղուց մոռացվել էր, մինչեւ 1975-ին ուսուցիչը պատահաբար գտավ արխիվային փաստաթղթեր, որտեղ նշվում էր դրա գտնվելու վայրը: Նա թույլտվություն ստացավ պեղումներ իրականացնել, սակայն այն արագ թալանվեց, եւ ձուլակտորներից շատերն անհետացան։ Այնուամենայնիվ, 2017թ․ Կալիֆոռնիայում աճուրդի հանված իրերի ցանկում հայտնվեցին ոսկու հինգ ձուլակտորներ։