Ռուսական կողմը շաբաթ օրը, ժամը 10:00-ին, հայտարարել է հրադադարի ռեժիմի մասին եւ մարդասիրական միջանցքներ է բացել ուկրաինական Մարիուպոլ եւ Վոլնովախա քաղաքների բնակիչների համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հաստատել է այդ միջանցքները բացելու Կիեւի համաձայնությունը։ Սակայն ուկրաինացի ազգայնականները, ըստ ՌԴ ՊՆ-ի տեղեկությունների, կանխել են այդ քաղաքները լքելու խաղաղ բնակիչների փորձերը, ինչի պատճառով բնակչության տարհանումն անհնար է դարձել, իսկ «լռության ռեժիմը» ժամը 18:00-ից դադարեցվել է։

Ընդ որում, ամենակատաղի մարտերի վայրերում հումանիտար միջանցքների մասին պայմանավորվածությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ հինգշաբթի կայացած բանակցությունների երկրորդ փուլի հիմնական արդյունքներից մեկն էր։

Շաբաթ առավոտյան ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ռուսական կողմը Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից հրադադարի ռեժիմ է հայտարարում եւ մարդասիրական միջանցքներ է բացում Մարիուպոլից եւ Վոլնովախայից խաղաղ բնակիչների ելքի համար՝ հստակեցնելով, որ ելքի ուղիները համաձայնեցված են ուկրաինացիների հետ։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հաստատել է Ուկրաինայի իշխանությունների համաձայնությունը մարդասիրական միջանցքներ բացելու համար։

Մարիուպոլի վարչակազմը հայտնել է, որ քաղաքի բնակչության տարհանումը կիրականացվի ժամը 12:00-ից՝ Մարիուպոլ - Նիկոլսկոյե - Ռոզովկա - Պոլոգի - Օրեխով - Զապորոժիե երթուղով։ Վոլնովախայից, ըստ Ուկրաինայի փոխվարչապետ, չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկի, դուրս գալը տեղի կունենաՎոլնովախա - Վալերիանովկա - Նովոանդրեեւկա - Կիրիլիվկա - Ուգլեդար - Պոկրովսկ - Զապորոժիե երթուղով։

ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը զգուշացրել է, որ դեպի Զապորոժիե երթուղին անվտանգ չէ, քանի որ ազգայնականները սադրանքներ են կազմակերպում այնտեղ, եւ ասել է, որ տարհանման համար մարդասիրական միջանցքը կբացվի արեւելյան ուղղությամբ, Մարիուպոլ-Նովոազովսկ М23 մայրուղու երկայնքով, իսկ Վոլնովախա քաղաքի բնակիչների համար՝ Վոլնովախա-Ռիբինսկոյե ավտոճանապարհով:

Ուկրաինայի իշխանությունները ենթադրել են, որ մարդասիրական միջանցքներով Մարիուպոլից դուրս կբերվի ավելի քան 200 000 մարդ, իսկ Վոլնովախայից՝ ավելի քան 15 000 մարդ։

Ժամը 14:00-ից հետո ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ հայտարարված թվով փախստականներից մարդասիրական բաց միջանցքներով այդպես էլ ոչ ոք չի ժամանել։ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւի խոսքով, հավաստիորեն հաստատվել է, որ ազգայնականները քաղաքացիական անձանց եւ օտարերկրյա քաղաքացիներին այդ բնակավայրերից դուրս չեն թողնում։ Նույն իրավիճակն է Խարկովում եւ Սումիում, ինչպես նաեւ մի շարք այլ բնակավայրերում, նշել է նա։

Ավելի ուշ, մեկնաբանելով այս իրավիճակը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ հենց Կիեւը խնդրել է մարդասիրական միջանցք բացել Մարիուպոլից բնակիչների հեռանալու համար, ռուսական կողմն անմիջապես արձագանքել է։ «Այնտեղ բոլորը դադարեցրել են մարտական գործողությունները, հետեւել են, թե ինչ է կատարվում։ Ոչ ոքի բաց չեն թողնում, կենդանի վահանի պես ծածկվում են։ Ովքե՞ր են դրանք։ Իհարկե, նեոնացիստներ»,- ասել է պետության ղեկավարը։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայտարարված անվտանգության միջանցքներով Մարիուպոլից եւ Վոլնովախայից այդպես էլ ոչ մի խաղաղ բնակիչ չի կարողացել դուրս գալ։

Միեւնույն ժամանակ, ըստ ԴԺՀ-ի, Մարիուպոլից տարհանվել է 17 մարդ, իսկ Նիկոլաեւկա գյուղից (գտնվում է Վոլնովախայի շրջանում) Ստարոբեշեւսկի շրջանի Նովի Սվետ գյուղ՝ 24 մարդ, այդ թվում՝ չորսը ծնունդով Վոլնովախայից։

Մարիուպոլի քաղաքային խորհուրդը Telegram-ալիքով տեղեկացրել է, որ բնակչության տարհանումը հետաձգվում է` անվտանգության նկատառումներից ելնելով, եւ Մարիուպոլի բնակիչներին կոչ է արել «ցրվել եւ գնալ ապաստարաններ»՝ խոստանալով մոտ ապագայում լրացուցիչ տեղեկություններ տրամադրել։

Միզինցեւն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել աշխատանքը Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի անհապաղ կարգավորման ուղղությամբ՝ չնայած այսօրվա գործողության խափանմանը։ Միաժամանակ, Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ նախատեսում են կազմակերպել բնակչության տարհանում Կիեւի արվարձաններից՝ Խարկով, Սումի, Խերսոն քաղաքներից, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում։

Ինչպես պարզաբանել են ռուսական ռազմական գերատեսչությունում, ուկրաինական կողմի՝ ազգայնականների վրա ազդելու կամ «լռության ռեժիմը» երկարացնել չցանկանալու պատճառով որոշվել է Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից վերսկսել հարձակողական գործողությունները։