Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը շաբաթ օրը Կրեմլում Ուկրաինայում տիրող իրավիճակի տարբեր ասպեկտներ են քննարկել, բանակցություններից հետո հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Մոսկվա Իսրայելի վարչապետի կարճատեւ աշխատանքային այցը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ։ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Նաֆթալի Բենեթի հետ բանակցություններ է վարել, որոնց ընթացքում քննարկվել են Ուկրաինայում իրավիճակի տարբեր ասպեկտներ՝ Դոնբասի պաշտպանության ռուսական հատուկ ռազմական գործողության համատեքստում»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Կրեմլում Պուտինի եւ Բենեթի բանակցություններից հետո մամուլի համար հայտարարություններ նախատեսված չեն եղել։

Դոնբասի պաշտպանության համար Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Պուտինը եւ Բենեթը երկու անգամ հեռախոսազրույց են ունեցել՝ փետրվարի 27-ին եւ մարտի 2-ին: