Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը կառավարությունում մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է հիմնական ուղերձների մասին, որոնք քննարկվել են ԵՄ ԱԳ նախարարների կարեւոր հանդիպումների ժամանակ, հաղորդում է Delfi-ն:
«Զգալի փոփոխություններն ակնհայտ են. ՆԱՏՕ-ի ղեկավարությունն արդեն հրապարակավ հայտարարում է Բալթյան երկրների անվտանգության շուրջ մոտեցման փոփոխության մասին: Մենք անցում ենք կատարում զսպման ռազմավարությունից դեպի պաշտպանության ռազմավարությունը»,-ասել է Լանդսբերգիսը:
Հարցին, թե դա ինչ է նշանակում, նախարարը պատասխանել է, որ հիմնական փոփոխությունն այն է, որ առ այսօր համարվում էր, որ Լիտվայի համար բավարար է զսպման ռազմավարությունը:
«Այլ կերպ ասած՝ միջազգային ագրեսիվ խաղացողը չի փորձի ինչ-որ կերպ ստուգել ՆԱՏՕ-ի միասնությունը, քանի որ գիտի, որ պատասխան կստանա: Եթե մենք այժմ անցում ենք կատարում զսպելուց դեպի պաշտպանությունը, ապա պատասխանի ժամանակահատվածը կրճատվում է»,-պարզաբանել է ԱԳ նախարարը: Նա ասել է, որ համաձայնեցման փուլում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների եւս մեկ փաթեթ, որը ներառում է ինչպես լրացուցիչ անուններ, այնպես էլ ոլորտներ: «Չի բացառվում բանկերի ցանկն ընդլայնելու հավանականությունը, որոնք կանջատվեն SWIFT համակարգից»,-ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարարը:
Նա չի կանխատեսել, թե երբ կվերջնականացվի պատժամիջոցների նոր փաթեթը: «Չեմ ցանկանում չհիմնավորված կանխատեսումներ կատարել, հուսով եմ, որ որոշումներն արագ կկայացվեն, սակայն համաձայնեցման գործընթացը ժամանակ է պահանջում»,-ասել է նա:





























