Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինայի տարածքում ատոմային էլեկտրակայանի անվտանգությունն ապահովելու շուրջ մտավախությունների կապակցությամբ Վլադիմիր Պուտինը մանրամասն տեղեկացրել է Զապորոժյեի ԱԷԿ-ի շրջանում ուկրաինացի արմատականների կազմակերպած սադրանքի մասին, որին մասնակցել է դիվերսիոն խումբը: Այդ միջադեպի պատասխանատվությունը ռուս զինվորականներին վերագրելու փորձերը ցինիկ քարոզչական արշավի տարր են:
Ռուսական զորքերը ուկրաինական պահպանության ստորաբաժանման եւ անձնակազմի հետ փոխգործակցությամբ շարունակում են ապահովել ԱԷԿ-ի գործառնությունը բնականոն ռեժիմով, ռադիոակտիվ ֆոնը նորմայի մեջ է. բոլոր այդ փաստերը պաշտոնապես հաստատվել է ԱԷՄԳ-ի կողմից: Կայանի ֆիզիկական եւ միջուկային անվտանգությունը հուսալիորեն պաշտպանված է:
Ռուսական Զինված ուժերը նաեւ վերահսկում են Չերնոբիլի ԱԷկ-ը: Այդ ամենն արվում է ուկրաինացի նեոնացիստների կամ ահաբեկիչների կողմից սադրանքների հնարավորությունը բացառելու համար, որոնք կարող են աղետալի հետեւանքներ ունենալ»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի հիշատակած՝ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության՝ չերնոբիլյան գոտում եռակողմ հանդիպում (ԱԷՄԳ-Ռուսաստան-Ուկրաինա) անցկացնելու մասին առաջարկը, որի նպատակն է Ուկրաինայում միջուկային օբյեկտների անվտանգությունն ապահովելու մեխանիզմի ստեղծումը, Վլադիմիր Պուտինը նշել է, որ այդ գաղափարը կարող է օգտակար լինել, սակայն պետք է մտածել այդ հանդիպումը տեսակոնֆերանսի կամ երրորդ երկրում անցկացնելու շուրջ:
Քննարկվել է բախումների շրջաններից խաղաղ բնակչությանը տարհանելու խնդիրը: Վլադիմիր Պուտինը նշել է, որ Կիեւը դեռեւս չի կատարում այդքան սուր հումանիտար հարցի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունները: Մասնավորապես, չնայած Մարիուպոլից եւ Վոլնովախայից խաղաղ բնակիչներին եւ օտարերկրյա քաղաքացիներին դուրս բերելու համար մարտի 5-ին ռուսական կողմի հայտարարած «լռության ռեժիմին»՝ ուկրաինացի ազգայնականները թույլ չեն տվել տարհանումն այդ քաղաքներից: Իսկ ռազմական գործողությունների դադարը դարձյալ օգտագործել են իրենց ուժերն ու միջոցներն ամրապնդելու համար: Ֆրանսիայի նախագահը դարձյալ առաջարկել է ակտիվորեն աշխատել Կիեւի իշխանությունների հետ վերջիններիս կողմից միջազգային հումանիտար իրավունքի նորմերը պահպանելու նպատակով:
Վլադիմիր Պուտինը նաեւ տեղեկացրել է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ ռուսական պատվիրակության բանակցությունների մասին: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակել երկխոսությունը ռուսական հայտնի պահանջներն առանց նախապայմանների կատարելու դեպքում: Գլխավորը, որպեսզի ուկրաինական կողմը լրջորեն վերաբերվի ձեռքբերված պայմանավորվածություններին, որոնց իրականացումը կարեւոր է ռազմական գործողությունները դադարեցնելու համար, նշում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակել հետագա շփումները տարբեր մակարդակներում:





























