ՄԻԳ-29 խորհրդային արտադրության ինքնաթիռները, որոնք գտնվում են Լեհաստանի Օդուժի կազմում, չեն ուղարկվի Ուկրաինա:
«Լեհաստանը չի կարող իր կործանիչներն ուղարկել Ուկրաինա եւ իր օդակայաններն օգտագործելու թույլտվություն չի տա»,-կիրակի՝ մարտի 6-ին, հայտնել է Լեհաստանի վարչապետի գրասենյակը թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում՝ պատասխանելով NEXTA բելառուսական ընդդիմադիր պարբերականի թվիթին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Լեհաստանի իշխանությունները զգալի օգնություն են ցուցաբերում ուրիշ ոլորտներում: Թվիթը նաեւ պարունակում է Լեհաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի տեղեկատվությամբ հղում, ըստ որի՝ Լեհաստանի բոլոր ՄԻԳ-29 ինքնաթիռները գտվում են իրենց բազաներում, բացի այդ, դրանք ներկված են Լեհաստանի պետական դրոշի՝ կարմիր եւ սպիտակ գույներով:
Ավելի վաղ բազմաթիվ ԶԼՄ-ներում տարածվել էին տեղեկություններ, որ Լեհաստանը պատրաստ է փոխանցել Ուկրաինային խորհրդային արտադրության ՄԻԳ-երը՝ փոխարենը ստանալով ԱՄՆ-ից F-16 կործանիչները: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մոլդոնայում ելույթ ունենալիս հաստատել էր, որ Վաշինգտոնի ու Վարշավայի միջեւ վարվում են ակտիվ բանակցություններ ինքնաթիռների թեմայի շուրջ, որոնք Լեհաստանը կարող էր տրամադրել Ուկրաինային, սակայն այդ առնչությամբ ոչ մի ծրագիր կամ ժամկետներ չկան, գրում է «Նեմեցկայա վոլնան»:





























