Գիտնականների արշավախումբը հայտնաբերել է Անտարկտիկայի հետազոտող Էռնեստ Շեքլթոնի նավի բեկորները, տեղեկացրել է France-Presse գործակալությունը։

Խորտակված նավի որոնումների համար փետրվարի 5-ին Քեյփթաունից դուրս էր եկել SA Agulhas II նավը, որի վրա 110 մարդ կար։ Endurance-ի բեկորները, ինչպես ենթադրվում էր ավելի վաղ, գիտնականները հայտնաբերել են մոտ երեք հազար մետր խորության վրա։ Ինչպես տեղեկացրել է գործակալությունը, որոնողական խմբի մասնակիցները նշել են նավի պահպանման «ֆանտաստիկ» աստիճանի մասին։

1915թ. Անտարկտիկայի բրիտանացի հետազոտող Շեքլթոնն անհաջող փորձել էր ճամփորդություն կատարել Անտարկտիդայով։ Նրա Endurance նավը Անտարկտիդայի արեւմուտքում դարձել էր սառույցների գերին։ Նավը մի քանի ամիս գտնվել է սառույցների մեջ՝ մինչեւ որ վերջնականապես ճզմվել է սառցաբեկորներով։ Endurance-ի խորտակումից հետո արշավի մասնակիցներին հաջողվել է՝ փրկվել թիանավերով։

2019թ. Ուեդելի ծովում արշավի ժամանակ գիտնականները գրեթե հասել էին այն տեղին, որտեղ, ենթադրաբար, խորտակվել էր նավը, բայց առաքելությունը ժամանակից շուտ ավարտվել էր անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Հետազոտողների կարծիքով՝ նավաբեկորները կարող էին լավ պահպանվել ցածր ջերմաստիճանների, արեւի լույսի բացակայության եւ թթվածնի անբավարարության շնորհիվ։

Բրիտանացի հետազոտող Էռնեստ Շեքլթոնը (1874-1922) հետազոտել է Անտարկտիկան։ Ռոբերտ Սքոթի արշավախմբի մասնակիցն է եղել Discovery նավում (1901-1904)։ Ղեկավարել է Անտարկտիկայի արշավախմբերը (1907-1909, 1914-1917), որոնց ընթացքում հայտնաբերվել են Վիկտորիա երկրի լեռնաշղթան, Բեւեռային բարձրահարթը, Բիրդմորի սառցադաշտը, Կոտսի երկրի ծովափը եւ այլն։