ԱՄՆ-ում բենզինի գները հերթական ռեկորդն են սահմանել՝ ամբողջ երկրում դրանք միջինը աճել են մինչեւ 4,25 դոլար մեկ գալոնի դիմաց, այսինքն մեկ գիշերվա ընթացքում՝ 8 ցենտով, հաղորդում է AP-ն:

Կալիֆոռնիայի վարորդները շարունակում են ամենաբարձր գները վճարել՝ նահանգում միջինը 5,57 դոլար մեկ գալոնի դիմաց: Իլինոյսում, Օրեգոնայում, Վաշինգտոնում, Նեւադայում, Ալյասկայում եւ Հավայան կղզիներում գները գերազանցել են 4,50 դոլարը:

Բենզինի գները բարձրանում են արդեն մոտ երկու տարի՝ հետեւելով նավթի գների միտումին։ Համավարակի սկզբում արդյունահանումը նվազեց, եւ այդ ժամանակից արտադրողները այնքան նավթ չեն արդյունահանել, որպեսզի պահանջարկը բավարարվի:

Միայն անցած շաբաթվա ընթացքում բենզինի միջին ազգային արժեքն աճել է 60 ցենտով, ինչը, ըստ վերլուծաբանների, գրեթե ամբողջությամբ կապված է ուկրաինական ճգնաժամի հետ, որի պատճառով նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը արգելում է ռուսական նավթի ներկրումը: