Գառնիի ձորում գտնվող բնության հրաշակերտը՝ հայտնի «Քարե սիմֆոնիան» դիտելու, դրա ֆոնին  լուսանկարվելու համար, ինչպես պարզել է  NEWS.am-ի թղթակիցը,  պետք է վճարել 1000 դրամ:

Գառնու ձոր տանող նեղ ու քարքարոտ ճանապահի սկզբնամասում ձեզ կդիմավորի 80-անց մի պապիկ, ձեռքին մահակ, եւ սպառնալից տոնով կհայտարարի. «Հազար դրամը տուր, չեկդ առ, որ թողնեմ իջնես»: 

«Չեկ» ասվածը միտողանի տետրի փոքրիկ մի կտոր է, որի վրա խփված է կնիք, գրված է «չեկ»-ի համարը, գումարի չափն ու «հանգստի գոտի» կապակցությունը:

Հայտնի է, որ «Քարերի սիմֆոնիայի» ժայռաբեկորները ժամանակին բարբարոսաբար տաշվում էին եւ որպես  շինանյութ օգտագործվում հայաստանյան չինովնիկներից մի քանիսի կողմից, այժմ էլ, փաստորեն, բնության հրաշակերտը դարձել է ոմանց համար շահույթ ապահովող միջոց: Այստեղ շուրջ 15 տարի «անհատ ձեռներեցություն» է իրականացնում ոմն Շմավոն Համբարձումյան՝ գործում ներգրավելով հորը՝ վերոնշյալ մահակով պապիկին եւ որդուն:

Սկզբում ձոր իջնող մարդկանց դիմաց կտրում է ծերունին՝ արագ-արագ դեմ տալով մաշված թղթի մի կտոր՝ «չեկ» ասվածը, ապա մոտենում է թոռը ու գանձում 1000 դրամը: Նրանք չեն մոռանում նաեւ հավելել, որ այդ տարածքի «բեսեդկաներից»  մեկում հանգիստ անցկացնելու համար պետք է վճարեն եւս 10 հազար դրամ: 

Երբ այցելուներից մեկը հրաժարվում կամ հապաղում է վճարել գումարը, պապ ու թոռ հարայ-հրոց են բարձրացնում, եւ գործին խառնվում է ձեռներեցը՝ Շմոն՝ Շմավոնը, ով, սակայն, ներկայանում է որպես «բիձու օգնական»: Մի քանի անհոդաբաշխ նախադասություն արտաբերելով՝ նա փորձում է համոզել, որ տարածքում  իրենց գործողությունները տեղավորվում են օրենքի դաշտում:

Երբ NEWS.am-ի թղթակիցը պահանջեց  համապատասխան լիազորագիր կամ այլ փաստաթուղթ ցույց տալ, պապն սկսեց գոռգոռալ, իսկ Շմավոնը «մի րոպե, մի րոպե» ասելով մտավ տարածքի մոտակայքում տեղակայված կիսաքանդ մի խուց, այդտեղից բերեց ինչ-որ  փաստաթղթեր, որոնց վրա ճանճերը հասցրել էին հոգալ իրենց բնական կարիքները, ՀԴՄ կտրոնի ապարատ եւ բառիս բուն իմաստով խոթեց մեր աչքը:

Փաստաթուղթն ուսումնասիրել, սակայն, չհաջողվեց, քանի որ Շմավոնը կասկածի տակ առավ մեր ինքնությունը եւ հայտարարեց, թե «պատրաստված չեք եկել»:  Թե ի՞նչ նկատի ուներ «պատրաստված» ասելով՝ հայտնի չէ, սակայն մի քանի ուշագրավ նախադասություն արտաբերեց, որոնք ապացուցում են «խորհրդավոր եռյակի» գործունեության անօրինականությունը:

«Ստեղ էս մարդը (նկատի ունի հորը՝ Հրանտին՝ «Հասան» մականունով) իրականացնում ա հանգստի գոտի: Նա անհատ ձեռնարկատեր ա եւ չեկն էլ տվել ա ձեզ: Ինքը 1000  դրամը վերցնում ա, եւ դուք գնում եք ներքեւ: Կհանգստանաք, թե քարերի սիմֆոնիա կգնաք, նա 85-86 տարեկան մարդա եւ իրավասու չի գա, ձեր ու ամեն մի վարորդի հետ հասնի քարերի սիմֆոնիա ու վերահսկի: Եւ եթե  ասում եք, որ իրավասու չի փող գանձելու համար, ապա դատի տվեք: 

Դուք ունեք չեկ, որի վրա կա պետռեգիստրի համարը, անուն-ազգանուն, եւ հարկային կոդը: Դրանով ամեն ինչ ասված ա»: «Քարերի սիմֆոնիայից» հաց քամող պարոնը հայտարարեց նաեւ, որ գանձված գումարը վճարում է «Կոտայքի մարզի բանկերից մեկին»:  Թե ո՞ր բանկին, ու ինչ նպատակով՝ չասաց, հավելելով, որ տարածքի նկատմամբ վերահսկողություն է իրականացնում կառավարությունը, ով իրազեկ է իրենց  գործունեությանը:

Իսկ «Հասան»-ը, ում իր հարազատներն անընդհատ հորդորում էին քիչ խոսել, հայտարարեց, թե մի դեպք է եղել, երբ այցելուների՝ գումար չվճարելու  հետեւանքով  իրեն տուգանել են 150 հազար դրամով: Իսկ սիմֆոնիան դիտելու դիմաց գանձվող գումարը տրամադրվում է դեպի ձոր իջնող ճանապարհի վերանորոգմանը:

NEWS.am-ը այս առթիվ պարզաբանում խնդրեց ՀՀ  բնապահպանության նախարարությունից, որտեղից հայտնեցին, որ թեեւ տարածքը կառավարության համապատասխան որոշմամբ իրենց վերահսկողության ներքո է, սակայն որեւէ անհատի նախարարությունը չի լիազորել այդտեղ գործունեություն իրականացնել: Նապարարությունից հայտնեցին նաեւ, որ տարածք այցելող քաղաքացիներից  մշտապես  բողոքներ են ստանում՝ հավելելով, որ խորհրդավոր ձեռներեցների   «ՍՊԸ»-ն նույնիսկ գրանցված չէ պետռեգիստրում, հետեւապես՝ հարկային որեւէ պարտավորություն չի իրականացնում:

Հարցի առթիվ պարզաբանում ստացանք նաեւ Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանից:  «Քարերի սիմֆոնիան բնական հուշարձան է, գտնվում է «Երեւանջուր»-ի սպասարկման տարածքում:  Ինչ վերաբերում է Շմավոն Համբարձումյանին, նա Գառնիի ձորում ունի սեփականաշնորհված հողակտոր: Եթե նա գրանցվի հարկային տեսչությունում եւ ուզենա իրեն հատկացված հողակտրում մարդկանց սպասարկել՝ այն տրամադրելով որպես հանգստի գոտի, թող որ:

Նրան, սակայն ոչ ոք իրավունք չի տվել փակել ձորի  ճանապարհը: «Քարերի սիմֆոնիան» մեր՝ ՀՀ քաղաքացիների սեփականությունն է, եւ այն դիտելը ան-վը-ճար է եւ որեւէ մեկն իրավունք չունի այդտեղից անգամ մի քար վերցնել դնել մեկ այլ  տեղ»,-ընդգծեց Վարդանյանը: 

Նա նաեւ հավելեց, որ իր խոսքով՝  «ոտք ու բերան է ցավեցրել», բազմիցս եղել է նշված վայրում, զգուշացրել է պապիկին ու նրա գործակիցներին,  որ  իրավունք չունեն փակել մարդկանց ճանապարհը, սակայն… ապարդյուն: 

«Եթե մյուս անգամ գաք, անպայման դիմեք ինձ, ես ձեզ կուղեկցեմ, որ նման անախորժություններից խուսափեք»,-զրույցն ամփոփեց Գառնիի համայնքապետը: Իսկ ի՞նչ պիտի անեն այն  քաղաքացիները, ովքեր գյուղապետի աջակցությանը դիմելու հնարավորություն չեն ունենալու…անշուշտ, շարունակելու են վճարել:

Ի դեպ, ամռան ամիսներին օրական առնվազն 30  մեքենա է իջնում Գառնիի ձոր՝ վճարովի հիմունքներով զմայլվելու «Քարերի սիմֆոնիայով»:  Ինչ վերաբերում է «չեկ»-ի վրա առկա կնիքին,  ապա համայնքապետն առաջարկեց, որ իրավապահ մարմինները պարզեն դրա կեղծ կամ ոչ կեղծ լինելը:
  
Պատրաստեց Հեղինե Մանուկյանը