Իսրայելի հնությունների վարչության (IAA) աշխատակիցները Երուսաղեմի ծայրահեղ օրթոդոքս Ռամաթ Շլոմո թաղամասում զննումների ժամանակ սեփական տանը արտեֆակտների գաղտնարան են հայտնաբերել, դրանք ապօրինական են պեղվել եւ նախատեսված են եղել սեւ շուկայում վաճառելու համար: Գաղտնարանից առգրավված իրերի թվում «կախարդական գրություններով» 1500 տարվա մոգական թասեր կան, հայտնում է Ancient Origins պորտալը։
Բացի թասերից, գաղտնարանում հայտնաբերվել են բազմաթիվ այլ արտեֆակտներ, այդ թվում՝ աստվածաշնչյան ժամանակաշրջանի փղոսկրե իրեր, հնագույն արծաթե եւ բրոնզե մետաղադրամներ, կերամիկական անոթներ եւ հնագույն զենքի մի քանի տեսակներ:
Փորձագետները կարծում են, որ խորհրդավոր թասերը Իսրայելում չեն հայտնաբերվել, այլ բերվել են Մերձավոր Արեւելքի այլ շրջաններից, հավանաբար՝ Իրաքից։ Ամենայն հավանականությամբ, դրանք պատրաստվել են 4-8-րդ դարերում՝ Միջագետքի տարածաշրջանում, որն այն ժամանակ գտնվել է Պարսկական Սասանյան կայսրության տիրապետության տակ:
IAA-ի զննումների ժամանակ հայտնաբերված թասերի վրա «պահպանող» տեքստերը գրված են արամեերենով, որով խոսել են հին Միջագետքում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են եբրայերեն մեջբերումներ, ինչը նշանակում է, որ դրանց պատվիրատուները կարող էին Միջագետքում ապրող եւ այդ լեզվով խոսող հրեաները լինել։





























