Հետազոտության նոր մեթոդներ օգտագործելով՝ գիտնականներին հաջողվել է որոշել հսկա երկնաքարի տարիքը, որն ընկել է Գրենլանդիայում մի քանի միլիոն տարի անց այն բանից, երբ Երկրի վրա դինոզավրերն անհետացել են: Նախկինում համարվում էր, որ Հիավաթա խառնարանը երկնային մարմնի ընկնելու հետեւանքով շատ ավելի ուշ է առաջացել, հայտնում է Daily Mail պորտալը:
Գիտնականները Հիավաթա խառնարանը յոթ տարի առաջ են հայտնաբերել: Աստղակերպի հարվածից հետքը հասնում է 30 կիլոմետր տրամագծի եւ գնում մինչեւ 1 կիլոմետր խորություն։
Խառնարանն առաջացրած երկնային մարմնի տարիքը որոշելու համար Կոպենհագենի համալսարանի GLOBE ինստիտուտի եւ Դանիայի Բնական պատմության թանգարանի հետազոտողները լազերային ճառագայթներով ռմբակոծել են աստղակերպի ընկնելու վայրից վերցված ավազը: Մինչեւ բարձր ջերմաստիճանի տաքացման դեպքում ավազահատիկներից արգոն է արտազատվել, որը գիտնականներն օգտագործել են թվագրման համար։
Միեւնույն ժամանակ Շվեդիայում հետազոտողների մեկ այլ խումբ ուսումնասիրել է խառնարանը շրջապատող ժայռերի լեռնային ապարներից վերցված ցիրկոնի բյուրեղները: Ուրանի եւ կապարի միջոցով թվագրումը ցույց է տվել նույն տվյալները, ինչ խառնարանի ավազից ստացված տեղեկատվությունը: Պարզվել է, որ հսկա աստղակերպը Գրենլանդիայի վրա 58 մլն տարի առաջ է ընկել՝ դինոզավրերի անհետացումից ընդամենը 8 մլն տարի անց: Գրենլադիան այն ժամանակ ծածկված է եղել արեւադարձային անտառներով, իսկ կղզու միջին տարեկան ջերմաստիճանը 20°C է կազմել:





























