Նյու Յորքի Բնագիտության ամերիկյան թանգարանի հնագետները նկարագրել են Մոնտանայում հայտնաբերված 328 մլն տարվա վաղեմության բրածո վամպիր ութոտնուկի նախնիների նոր տեսակը՝ Syllipsimopodi bideni-ն, որը մոտ 12 սմ երկարություն ունի, եւ ամենահին գլխոտանին է՝ տասը վերջույթների վրա ծծիչներով, գրում է Nature Communications-ը:

Այժմյան Մոնտանայի Ֆերգուս շրջանի տարածքում, որտեղ հայտնաբերվել է գտածոն, 328 միլիոն տարի առաջ մուսոնային կլիմա է եղել: Այն ժամանակ այս տարածաշրջանը ծովային ծովածոց էր, որը հիշեցնում էր Հարավային Ասիայի Բենգալյան ծոցը։

1988-ին բրածոն նվիրաբերվել է Կանադայում Օնտարիոյի Թագավորական թանգարանին, բայց տասնամյակներ անշարժ գցած է եղել սեղանի դարակում, մինչեւ Նյու Յորքի Բնագիտության ամերիկյան թանգարանից հնէաբան Քրիստոֆեր Ուեյլենը ուշադրություն չի դարձրել դրա վրա:

Ուեյլենն ու նրա գործընկերներն ասում են, որ իրենց ուսումնասիրած բրածոն վամպիրոտոդների հայտնի նախնիներից ամենահինն է, այդ խմբում են վամպիր կաղամարները եւ ութոտնուկները: Սա կասկածի տակ է դնում 82 մլն տարի առաջ այս խմբի առաջացման մասին ամենավաղ վկայությունները։ Տեսակը կոչվել է Syllipsimopodi bideni՝ ի նշանավորումն Ջո Բայդենի նախագահության մեկնարկի, քանի որ գիտնականներն այն ժամանակ «ոգեւորված են եղել կլիմայի փոփոխության դեմ պայքարի եւ գիտական հետազոտությունները ֆինանսավորելու նրա ծրագրերով», ինչպես ասում է Ուեյլենը:

Բայդենը առաջին նախագահը չէ, որի պատվին որեւէ տեսակ է անվանակոչվում։ Այսպես, նախագահ Դոնալդ Թրամփի պատվին որդ եւ լուսատտիկ է անվանակոչվել, իսկ Բարաք Օբամայի անունը տրվել է միանգամից ինը տեսակի, որոնց թվում ձկներ եւ քարաքոսներ կան։