Լոռիի նոր մարզպետի պաշտոնում կնշանակվի Ալավերդիի քաղաքապետ Արթուր Նալբանդյանը: Տեղեկությունն այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց քաղաքապետի տեղակալ Արտավազդ Վարոսյանը: Նշանակման մասին կհայտարարվի առաջիկա հինգշաբթի օրը` հուլիսի 28-ին, կառավարության նիստում:
Հիշեցնենք, որ օրերս հրաժարական էր ներկայացրել Լոռիի արդեն նախկին մարզպետ Արամ Քոչարյանը: Նա NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ հրաժարականի պատճառը առողջական խնդիրներն են: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Քոչարյանը մարզպետի հավանական թեկնածուների մասին չէր ցանկացել ոչինչ ասել: «Կարող է պատահի, ես արձակուրդից վերադառնում եմ առողջացած եւ Կառավարությունն ինձ ասում է` Դուք առողջ եք արդեն, միգուցե փոխեք ձեր միտքը»,- ասել էր նա: Իսկ մամուլում Լոռիի մարզպետի հավանական թեկնածուների շարքում շրջանառվում էր ՀՀԿ-ական նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի, Հանրային հեռուստառադիոխորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանի, ոստիկանության Լոռիի մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանի եւ Ալավերդիի քաղաքապետ Արթուր Նալբանդյանի անունները:
Կառավարությունը հուլիսի 14-ին հավանություն էր տվել Լոռիի մարզպետ Արամ Քոչարյանին պաշտոնից ազատելու առաջարկին: Մարզպետի պաշտոնանկությունը ուժի մեջ է մտնում 2011 թ. օգոստոսի 12-ից` նրա արձակուրդից վերադառնալուց հետո:
Նշենք, որ Արթուր Նալբանդյանը Ալավերդիի քաղաքապետն է 2005 թվականից: Քաղաքապետ է ընտրվել որպես անկուսակցական եւ ընտրվելուց հետո անդամագրվել է Հանրապետական կուսակցությանը: Այժմ կուսակցության Թումանյանի տարածքային կազմակերպության ղեկավարն է:
Լոռու մարզպետի պաշտոնը, հիշեցնենք, կոալիցիոն հուշագրով վերապահված է Հանրապետական կուսակցությանը:




























