Եթե Ռուսաստանին հաջողվի տապալել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կառավարությունը, դա լուրջ հարված կլինի թուրքական անօդաչու թռչող սարքերի ստեղծման ծրագրին, ինչպես նաեւ ռազմական օդատիեզերական այլ նախագծերին, գրում է Forbes-ը։
«Անկարան եւ Կիեւը համատեղ անօդաչու սարքեր ստեղծելու համագործակցությունն ընդլայնելու մեծ պլաններ ունեին։
Թուրքիան վերջին տարիներին Ուկրաինային վաճառել է առնվազն 20 Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք, որոնք Ուկրաինան, ըստ երեւույթին, արդյունավետորեն օգտագործում է ռուսական զորքերի դեմ այժմյա նպատերազմում: 2021թ․ Ուկրաինան հայտարարեց, որ կառուցում է անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան՝ Թուրքիայի հետ համատեղ TB2 արտադրելու համար։ Ուկրաինան Թուրքիային մատակարարում է նաեւ ապագա TB2 մոդելների շարժիչներ եւ մշակման փուլում գտնվող հարվածային ուղղաթիռ, եւ տեղեկություններ կան, որ պաշտպանության ոլորտում նրանց համագործակցությունը կարող է խորանալ։
«Ռուսաստանը ձգտում է փոխարինել Զելենսկու կառավարությանը, որի հետ Թուրքիան իրականացրել է զենքի իր ամբողջ բիզնեսը, եւ այն փոխարինել ռուսական հաճախորդի ռեժիմով»,- հրատարակությանը ասել է Ռազմավարության եւ քաղաքականության Newlines ինստիտուտի հումանիտար անվտանգության բաժնի փոխտնօրեն Նիկոլաս Գերասը։
«Շատ հավանական է, որ ամերիկյան եւ եվրոպական պատժամիջոցները Թուրքիայի համար կդժվարացնեն բիզնեսի վարումը Ուկրաինայի հետպատերազմյան, Ռուսաստանի կողմից աջակցվող ռեժիմի հետ»,- ասել է փորձագետը:
Իր հերթին, Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ահարոն Շտայնը ենթադրում է, որ եթե Զելենսկին տապալվի, «ռուսամետ ղեկավարությունն այնքան էլ սիրալիր չի լինի ՆԱՏՕ-ի անդամ Անկարայի նկատմամբ, եւ ավելի քիչ ոգեւորություն կդրսեւորվի Թուրքիայի սարքավորումների վաճառքի հարցում»։
Շտայնն ասել է, որ Անկարան դիմել է Ուկրաինային՝ TB2-ի իրավահաջորդ հանդիսացող իր նոր Bayraktar Akinci անօդաչուի եւ նրա կողմից մշակվող T929 ծանր հարվածային ուղղաթիռի նախնական շարժիչներ ստանալու համար:
«Թուրքիան ստիպված կլինի այլընտրանքային մատակարարներ փնտրել»,- ասել է նա հոդվածի հեղինակ Փոլ Իդոնին: Բացի այդ, տեղեկություն է հայտնվել, որ Թուրքիան կարող է աշխատել TF-X եւ MIUS նախագծերի համար տուրբոօդափոխիչ շարժիչների ուկրաինացի արտադրողների հետ։
Իր հերթին, Դանիայի ռազմական հետազոտությունների SDU ամբիոնի ասիստենտ Ջեյմս Ռոջերսը կանխատեսում է, որ ուկրաինական պաշտպանական արդյունաբերության ռուսական ցանկացած ավերում կամ կլանում երկու հիմնական ուղղություններով կազդի Թուրքիայում անօդաչու սարքերի արտադրության վրա:
«Առաջին հերթին դա կդանդաղեցնի թուրքական Akinci անօդաչուների արտադրությունը (որոնք հագեցած են ուկրաինական արտադրության «Իվչենկո-Պրոգրես» ընկերության АИ-450 տուրբոշարժիչներով: Երկրորդ՝ դա կդանդաղեցնի թուրքական MIUS Bayraktar-ի կատարելագործումը (որը պետք է համալրվեր ուկրաինական «Իվչենկո-Պրոգրես» ընկերության AI-322F տուրբոշարժիչներով)»,- ասել է փորձագետը։
Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքի համար 2020թ․ «նշանակալի» տարի է դարձել։ Դրա մարտական կիրառումը Սիրիայի, Լիբիայի եւ Լեռնային Ղարաբաղի մարտադաշտերում գրավել է արտահանման տասնյակ պատվիրատուների՝ Աֆրիկայից, Կենտրոնական Ասիայից եւ Եվրոպայից, գրում է հոդվածի հեղինակը։
«Այս պատերազմի սկզբում Ուկրաինան ուներ առնվազն 20 TB2 այն բանից հետո, երբ առաջին անգամ պատվիրեց այս անօդաչու թռչող սարքը 2019թ․։
«Ռազմի դաշտում անհրաժեշտ է հետեւել, թե որքան լայնորեն է Ուկրաինան օգտագործում TB2-ները ռուսական ուժերի դեմ, եւ եթե այո, ապա որքան արդյունավետ են այդ անօդաչու թռչող սարքերը սովորական ռուսական ուժերի դեմ»,- ասել է Գերասը: «Ուկրաինան ամենադաժան փորձությունն է լինելու Թուրքիայի ամենագովազդված պաշտպանական արտահանման համար»:
Այնուամենայնիվ, փորձագետները կասկածում են, որ ուկրաինական TB2-ները կկարողանան ներկայիս հակամարտությունում ունենալ նույն դերը, ինչ ադրբեջանական TB2-ները 2020թ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմում:
«Ուկրաինայի ճգնաժամը նույնը չէ, ինչ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը»,- ասել է Ռոջերսը։ «Ռուսաստանը շատ ավելի մեծ փորձ ունի հակաօդային պաշտպանության ոլորտում (Սիրիայում ԴԱԻՇ-ի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի շնորհիվ) եւ կարող է թուլացնել թշնամական անօդաչուների հրամանատարությունն ու կառավարումը»։
Ուստի զարմանալի չէ, որ անօդաչուները «չունեցան նույն հաջողությունը, ինչ Կովկասում»։
«Բոլորին է հայտնի, որ զարգացած երկրի զինված ուժերին բախվելիս ժամանակակից անօդաչու տեխնոլոգիաների նույնիսկ ամենաբարձր տեխնոլոգիական մակարդակը, ու ոչ միայն TB2-ի, դժվարացնում է արդյունավետ աշխատանքը»,- ասել է Ռոջերսը:
Միեւնույն ժամանակ, Ռազմածովային վերլուծության կենտրոնի վերլուծաբան Սեմուել Բենդետը, որը Ռուսաստանի ուսումնասիրությունների ծրագրի անդամ է, նշել է, որ ռուս զինվորականները նախկինում պնդում էին, թե TB2-ները հատուկ վտանգ չեն ներկայացնում իրենց ուժերի համար՝ հաշվի առնելով նրանց «ռադիոէլեկտրոնային եւ հակաօդային պայքարի վաղ նախազգուշացման առաջադեմ տեխնոլոգիաները՝ տեխնոլոգիաներ, որոնք նման մասշտաբով հիմնականում բացակայում էին 2020թ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմում»։




























