Հայաստանի ռազմական ղեկավարությունն ակտիվորեն աշխատում է իր դաշնակիցների եւ գործընկերների հետ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ուղղությամբ։ Այս մասին մարտի 15-ին Ազգային ժողովում Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին, ներկայացնելով պաշտպանության գերատեսչության կողմից անցած մեկ տարվա կատարած աշխատանքները, հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
Երեւանը, նրա խոսքով, ձգտում է համատեղ ուժերի ստեղծմանը եւ ռազմական ներուժի ավելացմանը: Այս համատեքստում կենտրոնական տեղ է զբաղեցնում փոխգործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում։ Այդպես, Հայաստանն ակտիվորեն աշխատել է ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաեւ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հզորացման եւ զարգացման ուղղությամբ՝ հաշվի առնելով փոփոխվող իրավիճակը։ Զգալի աշխատանք է տարվել նաեւ զորքերի կառավարման համակարգի կատարելագործման ուղղությամբ։
«Աշխատանքներ են տարվել ՀԱՊԿ ՕԱՀՈւ-ի տեղակայման օպերատիվ պլանի վերանայման ուղղությամբ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի օպերատիվ-մարտավարական պատրաստության համատեղ աշխատանքներին։ Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Զինված ուժերը մասնակցել են «Արեւմուտք-2021», «Մարտական եղբայրություն-2021», «Փոխգործակցություն», «Որոնում», «Էշելոն» զորավարժություններին, ինչպես նաեւ միջազգային բանակային խաղերին»,- ասաց Սարգսյանը։
Բացի այդ, հայկական զինված ուժերը շարունակում են մասնակցել խաղաղապահ օպերացիաներին Կոսովոյում եւ Լիբանանում։ Շարունակվում է նաեւ մարդասիրական առաքելությունը Սիրիայում:





























