Մյանմայի զինված ուժերը պարբերաբար կատարում են մարդու իրավունքների խախտումներ, որոնցից շատերը հավասարազոր են ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների, ասվում անցյալ տարվա հեղաշրջումից հետո մարդու իրավունքների մասին ՄԱԿ-ի առաջին համապարփակ զեկույցում:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն ասել է, որ անվտանգության ուժերը բացահայտ անտեսում են մարդկային կյանքը՝ օդից հարվածներ հասցնելով բնակելի տարածքներին եւ դիտավորյալ թիրախավորելով խաղաղ բնակիչներին:
Բազմաթիվ զոհեր սպանվել են գլխին կրակոցով, ողջ-ողջ այրվել են, կամայականորեն ձերբակալվել են, խոշտանգվել կամ օգտագործվել որպես կենդանի վահան, ասել է նա՝ միջազգային հանրությանը կոչ անելով «արդյունավետ գործողությունների» դիմել:
ՄԱԿ-ի զեկույցում ասվում է, որ այն հիմնված է բռնության տասնյակ զոհերի եւ վկաների հետ հարցազրույցների վրա, որոնց ցուցմունքները հաստատվել են արբանյակային պատկերներով, ստուգված մուլտիմեդիա ֆայլերով եւ բաց աղբյուրներից տեղեկատվությամբ:
Զորքերը զանգվածային սպանություններ են իրականացրել Սագայնի շրջանում, որոշ սպանվածների ձեռքերն ու ոտքերը կապած են եղել:
Կայա նահանգում հայտնաբերվել են կանանց եւ երեխաների այրված դիեր, ոմանք՝ այն դիրքում, որը վկայում է, որ փորձել են փախչել եւ ողջ-ողջ հրկիզվել են, ասվում է զեկույցում:
Ձերբակալվածներին հարցաքննության ժամանակ խոշտանգել են, այդ թվում՝ կախել են առաստաղից, մահապատժի են ենթարկել էլեկտրական աթոռին, թմրանյութեր են ներարկել, իսկ ոմանք ենթարկվել են սեռական բռնության, այդ թվում՝ բռնաբարության։
Զեկույցում նշվում է նաեւ, որ առնվազն 543 մարդ սպանվել է զինվորական կառավարությանը իր ենթադրյալ աջակցության համար։





























