ԱՄՆ պետդեպարտամենտը Թուրքմենստանում արտահերթ նախագահական ընտրություններից հետո երկրի կառավարությանը կոչ է արել կատարելագործել երկրի ընտրական համակարգը՝ այն հանձնարարականների համապատասխան, որոնք ներկայացրել է ԵԱՀԿ Դեմոկրատական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԴԻՄԻԳ)։

«ԴԻՄԻԳ-ի գնահատականում նշվել է, որ Թուրքմենստանը չի կարողացել ցույց տալ, որ երկրում ընտրությունների գործընթացն ազատ է եղել, ազնիվ կամ մրցակցային։ Մենք կոչ ենք անում Թուրքմենստանի կառավարությանը՝ կիրառել ԴԻՄԻԳ-ի հանձնարարականները՝ իր ընտրական համակարգը չափորոշիչներին համապատասխանեցնելու համար»,- նշվել է երեքշաբթի պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած գրավոր հայտարարությունում։

Ընդ որում՝ պետդեպարտամենտում ուշադրություն են դարձրել Միացյալ Նահանգների եւ Թուրքմենստանի միջեւ խորացող գործընկերության վրա եւ ընդգծել են, որ կշարունակեն խրախուսել Թուրքմենստանի ժողովրդի քաղաքական մասնակցությունը։

Երեքշաբթի Թուրքմենստանում ընտրությունների եւ հանրաքվեների անցկացման Կենտրոնական հանձնաժողովը հայտարարել էր, որ պետության գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին՝ Սերդարը, որին առաջադրել էր կառավարող Դեմոկրատական կուսակցությունը, հաղթել է արտահերթ նախագահական ընտրություններում՝ ստանալով ձայների 72,97 տոկոսը, նա ճանաչվել է ընտրված նախագահ։ Ընտրությունները տեղի են ունեցել մարտի 12-ին։ Դրանք նշանակվել էին այն բանից հետո, երբ Բերդիմուհամեդով-ավագը հայտարարել էր երիտասարդներին դեպի քաղաքականություն ճանապարհ տալու եւ պետության ղեկավարի լիազորությունները վայր դնելու ցանկության մասին։ Ընդ որում՝ նա մնացել է խորհրդարանի վերին պալատի նախագահի պաշտոնում։