Պերուի նախագահ Պեդրո Կաստիլյոն երեքշաբթի Կոնգրեսում ելույթ է ունեցել՝ նախորդ օրը օրենսդիրների կողմից նախաձեռնված իմփիչմենթի գործընթացի մեկնարկի հետ կապված։ Իր ելույթի ժամանակ քաղաքական գործիչն ընդունել է կառավարությունում թույլ տված սխալները, սակայն հերքել է կոռուպցիայի եւ խորհրդարանականների կողմից ներկայացված չարաշահումների մեղադրանքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պետք է խոստովանեմ այն ​​սխալներն ու թերությունները, որոնք մենք թույլ ենք տվել՝ շատ դեպքերում առաջնորդվելով բարի մտադրություններով։ Բայց սխալ կառավարումը մի բան է, իսկ ինձ քաղաքական դրդապատճառներով վերագրվող ենթադրյալ հանցագործությունները՝ բոլորովին այլ բան: Կյանքումս երբեք կոռուպցիայի մեջ չեմ եղել, առավել եւս հիմա՝ որպես նախագահ»,- ասել է երկրի ղեկավարը՝ պատրաստակամություն հայտնելով աշխատել երկրի կառավարման ոլորտում առկա թերությունների վերացման ուղղությամբ։

Նրա կարծիքով՝ Պերուի քաղաքական իսթեբլիշմենտը միտումնավոր փորձում է խոչընդոտել գործադիր իշխանության աշխատանքը եւ կասկածի տակ դնել բուն նախագահության ինստիտուտը։ Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը լրատվամիջոցների ու քաղաքական շրջանակների զոհ է դարձել, որոնք փորձում են բնակչությանը համոզել, որ ինքը կոռուպցիոն գործունեությամբ է զբաղվում։ «Ժամանակը ցույց կտա, որ ես ճիշտ եմ»,- եզրափակել է Կաստիլյոն։

Նա նաեւ հայտարարել է երկրում կառուցվածքային քաղաքական բարեփոխումների իր հանձնառության մասին՝ խոստանալով մոտ ապագայում համապատասխան օրինագծերն ուղարկել խորհրդարան։