Sotheby's-ը եւ Christie's-ը չեղարկում են ռուսական արվեստի լոնդոնյան աճուրդներն ուկրաինական ճգնաժամի պատճառով։ Աճուրդները, որոնք սովորաբար անցկացվում էին հունիսին, ռուս կոլեկցիոներների ֆավորիտներն էին, գրում է The Art Newspaper-ը։

«Sotheby's-ը հունիսին ռուսական արվեստի աճուրդ չի անցկացնի,- ասվում է աճուրդի տան ներկայացուցիչների հայտարարության մեջ։- Մեր սրտերն ու մտքերն ուղղված են բոլոր նրանց, ովքեր տուժել են ուկրաինական ճգնաժամից, եւ մենք ակտիվորեն աջակցում ենք տարածաշրջանում ծավալվող ողբերգական իրադարձություններից տուժածներին՝ կորպորատիվ դրամահավաքի միջոցով»:

Sotheby's-ի լոնդոնյան ռուսական արվեստի վաճառքը 2021 թվականի նոյեմբերին 17.7 միլիոն ֆունտ է կազմել (միջնորդավճարները ներառյալ), որը աճուրդի տունը նկարագրել է որպես «ամենամեծ ընդհանուր գումարը» եւ «ավելի մեծ, քան ռուսական բոլոր աճուրդների տներինը միասին վերցրած»:

Sotheby's-ի աճուրդները չեղարկելուց մի քանի ժամ անց Christie's-ը հետեւեց դրա օրինակին: «Մենք որոշում ենք կայացրել չեղարկել մեր հունիսյան աճուրդը»,- ասել է ներկայացուցիչը The Art Newspaper-ին:

Երկու աճուրդային տներն էլ հայտարարել են, որ ուշադիր հետեւում են պատժամիջոցների կանոնակարգերին, որոնք արգելում են գործարքները պատժամիջոցների ցուցակում հայտնված անձանց եւ ընկերությունների հետ: