Հարավաֆրիկյան Հանրապետությունը պետական մակարդակով զուլուսների նոր թագավոր է ճանաչել արքայազն Միսուզուլու Սինկոբիլե Զուլուին։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամապոսան, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Հարավաֆրիկյան Հանրապետության ավանդական առաջնորդության մասին օրենքի համաձայն՝ արքայազն Միսուզուլուն պաշտոնապես ճանաչվել է զուլուսների թագավոր,- հինգշաբթի պետության ղեկավարի խոսքերը մեջբերել է տեղի eNCA հեռուստաալիքը։- Թագավարական ընտանիքը արքայազն Միսուզուլուին բնորոշել է որպես մարդ, որը սովորական իրավունքի եւ սովորույթների տեսակետից համապատասխանում է գահակալման պահանջներին, եւ դիմել է մեզ՝ իրեն ճանաչելու խնդրանքով»։
Զուլուսների միապետական գահը թափուր էր մնացել 2021թ. մարտին կորոնավիրուսի հետեւանքներից մահացած թագավոր Գուդվիլ Զվելիտինիից հետո։ Նա գահակալել էր մոտ 50 տարի, ուներ վեց կին եւ 26 երեխա։ Վերջին ամիսների ընթացքում թագավորական ընտանիքում մահացած թագավորի որդիների միջեւ պայքար էր մղվում գահի համար, այդ թվում եւ դատարանի միջոցով։ Այժմ դատավարությունն ավարտվել է, եւ զուլուսների թագավոր է դարձել Զվելետինիի երրորդ կնոջ որդին՝ 47-ամյա արքայազն Միսուզուլուն։
Զուլուսների գահակալն ամենահեղինակավորն է Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնորդների շարքում։ Զուլուսները այդ երկրի ամենամեծաթիվ ժողովուրդն են՝ 11 մլն մարդ։ Զուլուսների թագավորը քաղաքական իշխանություն չունի, բայց իր ժողովրդի բարոյական հեղինակությունն ու խորհրդանիշն է։





























