ՊԵԿ ոլորտային կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար կազմի և Եվրոպական հանձնաժողովի ԵՄ-ի ոլորտային գլխավոր տնօրինության համապատասխան բաժինների ու ԵՄ անդամ պետության ներկայացուցիչների  միջև անցկացվել է մաքսային ոլորտի համագործակցության  երկրորդ նիստը՝ հեռավար ձևաչափով:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի հիմքում Հայաստանի և Եվրոպական միության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է:

Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող գործընթացները, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող դրույթները, որոնց մասով Եվրոպական միությունը կարող է աջակցություն տրամադրել:

Հանդիպմանը կարևորվել է նաև  մաքսանենգության դեմ պայքարը, անդրադարձ է կատարվել շնագիտական կենտրոնների գործունեությանը, հատկապես՝ ԵՄ անդամ երկրներից՝  Լեհաստանի հետ փորձի փոխանակմանը:

Կողմերը ներկայացրել են մաքսային օրենսդրություններում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները: Անդրադարձ է կատարվել մաքսային ոլորտին առնչություն ունեցող ԵՄ հարթակներին Հայաստանի մասնակցության հեռանկերները:

Նիստի ժամանակ քննարկվել են նաև մաքսային համագործակցության ուղղությամբ ԵՄ տեխնիկական գործիքների օգտագործման հնարավորությունները:          Կարևորվել է տարիների ընթացքում Հայաստանին ԵՄ-ի ցուցաբերած աջակցությունը: