Շրի Լանկայում միլիոնավոր դպրոցականների համար քննությունները չեղարկել են, քանի որ երկրում վերջացել է տպագրական թուղթը, իսկ Կոլոմբոյի ունեցած դոլարը չի բավարարում ներմուծում կատարելու համար, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրներին:

Կրթության ոլորտի ներկայացուցիչները հայտարարել են, որ կիսամյակային թեստերը, որոնք նախատեսված էին երկուշաբթի օրվանից, անորոշ ժամանակով հետաձգվել են թղթի խիստ անբավարարության պատճառով, քանի որ Շրի Լանկան պայքարում է 1948թ․ անկախության ձեռքբերումից հետո իր ամենածանր ֆինանսական ճգնաժամի դեմ:

«Դպրոցների տնօրենները չեն կարողանում անցկացնել թեստերը, քանի որ տպարանները չեն կարողանում արտարժույթ ստանալ անհրաժեշտ թուղթ եւ թանաք ներկրելու համար»,- հաղորդել է երկրի արեւմտյան նահանգի կրթության վարչությունը:

Պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ այս պատճառով թեստերի անցկացումը կարող է հետաձգվել երկրի 4,5 մլն սովորողների գրեթե երկու երրորդի համար:

Տնտեսական ճգնաժամը, որն առաջացել է առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրումը ֆինանսավորելու համար արտարժույթի պաշարների բացակայության պատճառով, երկրում սննդամթերքի, վառելիքի եւ դեղագործական ապրանքների պակաս է առաջացրել։

Երկիրը այս շաբաթ հայտարարել է, որ կդիմի Արժույթի միջազգային հիմնադրամի օգնությանը՝ իր արտաքին պարտքի խորացող ճգնաժամը լուծելու եւ արտաքին պահուստներն ամրապնդելու համար: