Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին մեղադրել է Ռուսաստանի հատուկ ռազմական օպերացիայի համար նախադրյալներից մեկի՝ Ուկրաինայի սահմանադրության մեջ դեպի ՆԱՏՕ կուրսի մասին դրույթի ավելացման համար, հայտնում է «Նիկոլաեւսկի վեստնիկ»-ը:

«Պորոշենկոն, երբ մտցնում էր այդ դրույթը, դա իր անձնական նախընտրական փիառ տեխնոլոգիան էր։ Նա դեռ այն ժամանակ գիտեր, որ ՆԱՏՕ-ն մեզ երբեք չի ընդունի։ Եւ Ուկրաինայում այժմ տեղի ունեցողի համար մեղքի ոչ վերջին բաժինը նրանց վրա է, ով ընդունել եւ առաջ է մղել  սահմանադրության այս դրույթը»,- շաբաթ օրը Արեստովիչի խոսքերը մեջբերել է «Ուկրաինսկիե նովոստի» պարբերականը:

Մարտի 15-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ անհրաժեշտ է ճանաչել այն փաստը, որ, չնայած բաց դռների մասին խոսքերին, դաշինքը մտադիր չէ ընդունել Ուկրաինան։

ՆԱՏՕ-ն 2008-ի ապրիլին Բուխարեստի գագաթաժողովին քաղաքական հայտարարություն էր ընդունել, որ «Ուկրաինան եւ Վրաստանը, ի վերջո, ՆԱՏՕ-ի անդամներկդառնան», սակայն հրաժարվել էր երկու երկրներին Անդամակցությանը նախապատրաստման գործողությունների ծրագիր տրամադրել, որը ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության իրավական ընթացակարգի առաջին քայլն է։ 2019 թվականի փետրվարին Գերագույն Ռադան հավանություն էր տվել սահմանադրության փոփոխություններին՝ ամրագրելով ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի ձգտումը՝ «եվրաատլանտյան կուրսի անշրջելիության» մասին ձեւակերպմամբ:

ՆԱՏՕ-ի երկրների բանակների հետ Ուկրաինայի զինված ուժերի լիարժեք համատեղելիության ապահովումը մինչեւ 2020 թվականն ամրագրված է 2015 թվականին ընդունված երկրի նոր ռազմական դոկտրինում։ 2020 թվականի հունիսին Ուկրաինան ՆԱՏՕ-ի ընդլայնված հնարավորություններով գործընկերոջ կարգավիճակ ստացավ։