Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ճապոնական հեռուստաընկերությունների լրագրողներին տված հարցազրույցում պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական վիճակի մասին հարցին, հայտնում է ՄԿ-ն։

Լուկաշենկոն նշել է, որ այժմ Վլադիմիր Պուտինը, ինչպես հաճախ ասում են, «բոլոր ողջերից էլ ողջ է»։ «Նա բոլորիցս երկար կապրի»,- ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինին «բացարձակապես ադեկվատ եւ նորմալ մարդ» է անվանել։

Բելառուսի նախագահը նաեւ պարզաբանել է, որ բարեկամական հարաբերությունների մեջ է Վլադիմիր Պուտինի հետ եւ ուստի հնարավորինս տեղյակ է բոլոր մանրամասներից՝ ինչպես պետական, այնպես էլ անձնական:

«Ուստի թող Արեւմուտքը եւ դուք էլ ձեր գլխից հանեք այդ, ինչպես մեզ մոտ ասում են, հիմարությունը՝ այդ հորինվածքը»,- ընդգծել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ ոչ ոք չի կարողանա նման խոսակցություններով խաթարել վստահությունը Վլադիմիր Պուտինի նկատմամբ Ռուսաստանի ներսում: