Հյուսիսային Կորեան կիրակի օրը ծովի ուղղությամբ հրետանային արկեր է արձակել հրթիռների անհաջող արձակումից մի քանի օր հետո, տեղեկացրել է AP-ը՝ հղում կատարելով հարավկորեական զինվորական աղբյուրներին։
Ենթադրություն է արվել, որ Հյուսիսային Կորեան կարող է շուտով նոր, մեծ հեռահարությամբ բալիստիկ հրթիռի արձակման փորձ կատարել՝ իր զինանոցը ամրապնդելու եւ ԱՄՆ-ի վրա ճնշումն ուժեղացնելու համար, փորձելով զիջումների հասնել դիվանագիտության ոլորտում տիրող լճացման համատեքստում։
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հրթիռներն արձակվել են Հյուսիսային Կորեայի արեւմտյան ափերի մոտ։ Նախարարությունում ասել են, որ Հարավային Կորեայի զինվորականները ուշադիր հետեւում են Հյուսիսային Կորեայի գործողություններին եւ պատրաստ վիճակում են։
Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմը տեղեկացրել է, որ Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կգումարի՝ քննարկելու համար այն, ինչն անվանել է «փոքր հեռահարության ականների արձակում»։
Խորհրդի անդամները հրթիռների արձակումներն ուսումնասիրել են ԱՄՆ-ի հետ սերտ կոորդինացմամբ, նշվել է հայտարարությունում։ Նշվել է նաեւ, որ Հարավային Կորեան իր ուժեղացված ռազմական պոտենցիալը եւ ԱՄՆ-ի հետ դաշնակցությունը կօգտագործի անվտանգության վակուումի առաջացումը կանխելու համար՝ Սեուլում իշխանափոխության ժամանակաշրջանում։
Նախագահ Մուն Չժե Ինի լիազորությունների հնգամյա ժամկետն ավարտվում է մայիսին, եւ նրան փոխարինելու է նոր պահպանողական կառավարությունը՝ նորընտիր նախագահ Յուն Սոկ Յոլի գլխավորությամբ։ Նա խոստացել է ամրապնդել Սեուլի ռազմական դաշինքը Վաշինգտոնի հետ եւ հասնել այն բանին, որպեսզի ԱՄՆ-ը անվտանգության ապահովման ավելի հաստատուն պարտավորություններ ստանձնի Հյուսիսային Կորեայի անընդհատ աճող միջուկային սպառնալիքների չեզոքացման համար։





























