Եմենցի ապստամբ հուսիները անօդաչուներից եւ հրթիռներով գնդակոծել են Սաուդյան Արաբիան. նրանց թիրախ են հանդիսացել հեղուկացված բնական գազի, նավթի արտադրության գործարանները եւ էլեկտրակայանը, տեղեկացրել է AP-ը՝ հղում կատարելով սաուդյան պետական լրատվամիջոցներին։

Սաուդյան Արաբիայի գլխավորած  ռազմական կոալիցիայի, որը մարտական գործողություններ է իրականացնում Եմենում, ներկայացուցիչների խոսքով՝ հարվածները զոհերի չեն հանգեցրել, բայց այդ շրջանում վնասվել են քաղաքացիական ավտոմեքենաներ եւ տներ։

Հարձակումներ են տեղի ունեցել նաեւ այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի պետական նավթային հսկան՝ Aramco-ն, հայտարարել էր, որ իր շահույթը 2021թ. ավելացել է 124 տոկոսով՝ հասնելով 110 մլրդ դոլարի, ինչը մատակարարումների գլոբալ դեֆիցիտի հետ կապված անհանգստության  վերականգնման, նավթի գների աճի եւ համավարակից հետո վառելիքի պահանջարկի վերականգնման հետեւանքն է դարձել։

Aramco-ն, որը հայտնի է նաեւ որպես Saudi Arabian Oil Co., էներգետիկ շուկաների մի քանի շաբաթ տեւած փոփոխականության ֆոնին, որը պայմանավորված էր Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ, հրապարակել է եկամուտների մասին իր հաշվետվությունը։ Ռուսաստանի՝ աշխարհում նավթի եւ նավթամթերքների ամենախոշոր արտահանողներից մեկի դեմ մտցված պատժամիջոցները խորացրել են առանց այդ էլ լարված անորոշությունն էներգետիկ շուկայում։

Brent տեսակի նավթի գինը կիրակի 107 դոլար էր՝ այն բանից հետո, երբ այս ամսվա սկզբին գրեթե գագաթնակետին էր հասել՝ 140 դոլար։ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները մինչեւ այժմ հակառակվում էին Արեւմուտքի՝ նավթի արդյունահանումն ավելացնելու կոչերին, որպեսզի փոխհատուցեն ռուսական նավթի կորուստները բենզինի գների կտրուկ աճի պայմաններում։