Թուրքիայի ռազմածովային ուժերի նավագնացության հիդրոգրաֆիայի և օվկիանոսագիտության վարչությունը երեքշաբթի օրը հրապարակել է Navtex-ի ծանուցում՝ նախազգուշացնելով Սեւ ծովում դրեյֆող ականների մասին:
«Հաղորդումներ են ստացվել Օդեսայի, Օչակովի, Չեռնոմորսկի եւ Յուժնիի նավահանգիստներում ականների տեղադրման մասին։ Քանի որ կառանները կտրվել են, դրանք կարող են դրեյֆել՝ վտանգ ստեղծելով նավերի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում նշված տարածաշրջանում նավերին նաեւ կոչ են արել զգոն լինել այս խնդրի հետ կապված:
Մարտի 19-ին ԱԴԾ-ի Հասարակայնության հետ կապերի կենտրոնը հայտնել էր, որ ուկրաինական նավատորմի կողմից Սեւ ծովի նավահանգիստների մոտակայքում տեղադրված ականները կարող են շարժվել դեպի Բոսֆոր եւ Միջերկրական ծով, քանի որ դրանք պահող կառանները պոկվել են: ԱԴԾ-ում ընդգծել են, որ Ուկրաինայի զինված ուժերը «եւս մեկ անգամ ցույց են տալիս միջազգային իրավունքի հիմունքների եւ մարդկային կյանքերի լիակատար անտեսումը, այդ թվում՝ ԵՄ երկրների քաղաքացիների»:





























