ԵՄ առաջնորդներն այս շաբաթ կայանալիք գագաթաժողովում կպայմանավորվեն գազի, հեղուկ բնական գազի եւ ջրածնի համատեղ գնումների շուրջ մինչեւ հաջորդ ձմեռ, ասվում է նրանց հայտարարության նախագծում։

«Հաջորդ ձմռան նախաշեմին անդամ երկրները եւ Եվրահանձնաժողովը հրատապ… կաշխատեն համատեղ գազի, ՀԲԳ-ի եւ ջրածնի գնման ուղղությամբ»,- ասել են ԵՄ առաջնորդները մարտի 24-25-ի գագաթնաժողովից հետո, ասվում է գագաթնաժողովի հայտարարության նախագծում, փոխանցում է  Reuters-ը:

Անցյալ տարի Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին գազի ռազմավարական պաշարների համատեղ գնումների համակարգ առաջարկեց՝ որպես մատակարարման հնարավոր խափանումների դեպքում բուֆերի ապահովման միջոց։ Ուկրաինական ճգնաժամի սրումից հետո մատակարարումների խափանումների մտավախությունն ուժեղացել է: Ռուսաստանը մատակարարում է ԵՄ գազի 40 տոկոսը:

Բրյուսելը հայտարարել է, որ դա կօգնի երկրներին սկսել գազի համատեղ գնումներն այս տարի, եւ ակնկալվում է, որ այս շաբաթ կառաջարկի կանոնները, որոնցով երկրներից պահանջվում է յուրաքանչյուր տարի ձմռանն ընդառաջ 90 տոկոսով լցնել գազի պահեստարանները: ԵՄ-ում պահեստարաններն այժմ լցված են 26 տոկոսով: Հայտարարության նախագծում ասվում է, որ երկրները պայմանավորվել են համակարգել միջոցները պահեստարանները լցնելու համար եւ «որքան հնարավոր է շուտ» սկսել անել դա:

Առաջնորդները նաեւ կքննարկեն սպառողներին էներգիայի թանկացումներից պաշտպանելու նոր միջոցները եւ այն, թե ինչպես կարելի է «օպտիմալացնել» էներգետիկ շուկաների գործունեությունը: Նրանք կխնդրեն ԵՀ-ին «անհրաժեշտ նախաձեռնություններ» ձեռնարկել դրա համար, ասվում է հայտարարության նախագծում։

Եվրոպական գազի գներն արդեն բարձրացել էին ուկրաինական ճգնաժամից մի քանի ամիս առաջ, ինչի պատճառով կառավարությունները միլիարդներ ծախսեցին հարկային արտոնությունների եւ սուբսիդիաների վրա՝ քաղաքացիներին ծախսերից պաշտպանելու համար:

Այնուամենայնիվ, ԵՄ միասնական պատասխանին հասնելը դժվար էր: ԵՄ երկրները մեծ պատասխանատվություն են կրում իրենց ազգային էներգետիկ քաղաքականության համար եւ միակարծիք չեն հարցի շուրջ՝ արդյո՞ք անհրաժեշտ են ամբողջ ԵՄ-ի գործողությունները՝ գները ցածր պահելու համար:

Իսպանիան, Բելգիան, Պորտուգալիան, Իտալիան եւ Հունաստանը այն երկրների թվում են, որոնք կոչ են անում միջամտել եվրոպական էներգետիկ շուկաներին՝ գները նվազեցնելու կամ էլեկտրաէներգիայի գները գազի արագ աճող գներից առանձնացնելու համար:

Մյուս պետությունները, այդ թվում՝ Գերմանիան, Նիդեռլանդները եւ Դանիան, դեմ են հանդես գալիս շուկայական միջամտությանը եւ նախազգուշացնում են էներգետիկ շուկաների խափանումների մասին, որոնք կարող են խաթարել ներդրումները մաքուր էներգիայի ոլորտում: