Սաուդյան Արաբիան ընդգծել է նավթային շուկաներում կայունության համար ՕՊԵԿ+-ի համաձայնագրի «կարեւոր դերը», հաղորդում է Սաուդյան Արաբիայի պետական SPA գործակալությունը:
ՕՊԵԿ+-ի ծրագրված հանդիպումից մեկ շաբաթ առաջ արված հայտարարությունը ցույց է տալիս, որ քիչ հավանական է, որ խումբը կորոշի ավելացնել նավթի արդյունահանումն ավելի արագ տեմպերով:
Մի քանի խոշոր սպառող երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, հորդորել են արտադրողներին ավելի արագ տեմպերով ավելացնել արդյունահանումը, որպեսզի օգնեն հանգստացնել հում նավթի գները, գրում է Reuters-ը։
ՕՊԵԿ+-ը, որը ներառում է Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը եւ նրա դաշնակիցները, ներառյալ՝ Ռուսաստանը, մինչ այժմ ընդդիմանում է մատակարարումն ավելացնելու կոչերին:
Դաշինքը օգոստոսից սկսած ամեն ամիս ավելացնում է արդյունահանումը օրական 400 000 բարելով՝ կապված COVID-19 համավարակով պայմանավորված կրճատումները չեղարկելու հետ։
«Չեմ կարծում, որ OՊԵԿ+-ը նոր որոշում կկայացնի իր հաջորդ նիստի ժամանակ, քանի որ անդամներից շատերը գների ներկայիս աճը համարում են աշխարհաքաղաքական գործոնների հետեւանք»,- ասել է կազմակերպության աղբյուրը։ «Միեւնույն ժամանակ, քիչ հավանական է, որ ՕՊԵԿ-ի կարեւոր երկրների վրա արեւմտյան կառավարությունների ճնշումները՝ արդյունահանումը մեծացնելու նպատակով, արդյունավետ կլինեն»,- ասել է աղբյուրը։





























