Արեւելյան Աֆրիկան բախվել է վերջին գրեթե 40 տարվա ընթացքում պարենային ամենալուրջ ճգնաժամի, որը սրվել է վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինայում պատերազմի պատճառով, հաղորդում է SABC ռադիոկայանը՝ վկայակոչելով Թիաֆանդ բարեգործական հիմնադրամի ուսումնասիրությունը։
«Արեւելյան Աֆրիկան կանգնած է պարենային ահռելի ճգնաժամի առջեւ»,- ասել է հիմնադրամի ներկայացուցիչ Էֆրաիմ Ցեգայը: «Կոնֆլիկտները, սաստիկ երաշտը, տնտեսական անկումը, կորոնավիրուսի համավարակը եւ այժմ ուկրաինական ճգնաժամի հետեւանքները երկրները հասցրել են ծայրահեղ վիճակի»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Երրորդ տարին անընդմեջ երաշտը Սոմալիում սովի է մատնել ավելի քան 4,5 միլիոն մարդու, Եթովպիայում, Քենիայում եւ Ուգանդայում՝ մինչեւ 13 միլիոն, իսկ Հարավային Սուդանում՝ 7,2 միլիոն, ասվում է հիմնադրամի զեկույցում։ «Ուկրաինայում հակամարտության բռնկման հետեւանքով Արեւելյան Աֆրիկայի երկրներում նկատվեց պարենային ապրանքների գների անվերահսկելի աճ, որը պայմանավորված էր ցորենի, եգիպտացորենի, բուսական յուղի եւ վառելիքի մատակարարումների կրճատմամբ»,- շեշտում են հիմնադրամի մասնագետները։
Ցեգայը կոչ է արել միջազգային հանրությանը շտապ քայլեր ձեռնարկել՝ կանխելու զանգվածային սովը Արեւելյան Աֆրիկայի տարածաշրջանում։





























