Պարարտանյութերի անհավանական բարձր գները ստիպում են ֆերմերներին ամբողջ աշխարհում կրճատել դրանց օգտագործումը, ինչպես նաեւ ցանքատարածությունները, ինչը ուկրաինական ճգնաժամի հետեւանք է։ Գյուղատնտեսական ոլորտի վետերանները զգուշացնում են պարենի պակասի մասին, գրում է Reuters-ը։
Կալիումի, ամոնիակի, միզանյութի եւ հողի համար այլ սննդանյութերի խոշոր արտահանող Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները խաթարել են այդ հիմնական ռեսուրսների մատակարարումն ամբողջ աշխարհում: Պարարտանյութերը առանցքային դեր են խաղում եգիպտացորենի, սոյայի, բրնձի եւ ցորենի բարձր բերքատվությունը պահպանելու գործում: Արտադրողները փորձում են հարմարվել։
Փոփոխությունները կարելի է տեսնել Բրազիլիայի գյուղատնտեսական կենտրոնում, որտեղ որոշ ֆերմերներ ավելի քիչ եգիպտացորենի պարարտանյութ են օգտագործում, իսկ որոշ դաշնային օրենսդիրներ պնդում են բացել բնիկ ժողովուրդների պահպանվող հողերը կալիումի արդյունահանման համար: Զիմբաբվեում եւ Քենիայում փոքր ֆերմերները վերադառնում են գոմաղբի օգտագործմանը՝ իրենց բերքը պարարտացնելու համար: Կանադայում կանճրակ աճեցնող մի ֆերմեր արդեն պարարտանյութ է կուտակել 2023թ․ սեզոնի համար՝ սպասելով, որ գներն ավելի կբարձրանան:
Նմանատիպ քայլեր ձեռնարկվում են այլ վայրերում ապրող ֆերմերները: Reuters-ը զրուցել է 6 մայրցամաքների 34 ֆերմերների հետ, այդ թվում՝ հացահատիկային կուլտուրաներ մշակողների, գյուղատնտեսական վերլուծաբանների, առեւտրականների եւ ֆերմերային խմբերի: Բոլորը մտահոգություն են հայտնել պարարտանյութի արժեքի եւ մատչելիության վերաբերյալ։
Ամերիկյան ֆերմերային բյուրոյի դաշնության եւ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության (USDA) տվյալների համաձայն՝ միայն Միացյալ Նահանգներում պարարտանյութերի ծախսերն այս տարի կավելանան 12 տոկոսով՝ 2021թ․ 17 տոկոս աճից հետո:
Որոշ արտադրողներ դիտարկում են ավելի քիչ սննդանյութեր պահանջող մշակաբույսերի անցնելու մասին: Մյուսները նախատեսում են ավելի փոքր տարածք մշակել: Մյուսներն ասում են, որ պարզապես ավելի քիչ պարարտանյութ կօգտագործեն, ինչը մասնագետների կանխատեսմամբ կբերի ավելի ցածր բերքատվության: Արտադրությունն առավել վտանգված է զարգացող երկրներում, որոնց ֆերմերներն ավելի քիչ ֆինանսական ռեսուրսներ ունեն փոթորիկին դիմակայելու համար, ասել է Իլինոյսում CF Industries Holdings-ի գործադիր տնօրեն Թոնի Ուիլը, որը ազոտային պարարտանյութերի առաջատար արտադրող է:
«Ինձ հիմա անհանգստացնում է համաշխարհային պարենային ճգնաժամը»,- ասել է Ուիլը Reuters-ին։
Շաբաթ օրը Պերուն իր գյուղատնտեսության ոլորտում արտակարգ դրություն է հայտարարել պարենային անապահովության մտավախության պատճառով: Օգոստոսից ի վեր երկրում ցանքատարածությունները նվազել են 0,2տոկոսով՝ պարարտանյութերի գների աճի պատճառով, իսկ Պերուի հացահատիկի ներմուծումը կենդանիների կերերի համար նույնպես նվազել է՝ ծախսերի հետ կապված մտահոգությունների պատճառով: Կառավարությունը ներկայումս երկրի պարենային մատակարարումների ավելացման ծրագիր է մշակում:
Պարարտանյութերի համաշխարհային գները բարձր էին նույնիսկ ուկրաինական ճգնաժամի սրումից առաջ, քանի որ բնական գազի եւ ածխի ռեկորդային գները ստիպել էին որոշ պարարտանյութ արտադրողների կրճատել արտադրությունը այս էներգատար ոլորտում:
Արեւմտյան երկրները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ, իսկ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը նոր պատժամիջոցներ են սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ։
Անցյալ տարի Ռուսաստանին եւ Բելառուսին բաժին է ընկել երեք կարեւուր պարատանյութերից մեկի՝ կալիումի համաշխարհային արտահանման ավելի քան 40 տոկոսը, ասել է հոլանդական Rabobank վարկատուն: Բացի այդ, Ռուսաստանին բաժին է ընկել ամոնիակի համաշխարհային արտահանման մոտ 22 տոկոսը, միզանյութի համաշխարհային արտահանման 14 տոկոսը եւ մոնոամոնիումի ֆոսֆատի (MAP) մոտ 14 տոկոսը՝ պարարտանյութերի բոլոր հիմնական տեսակները:
Պատժամիջոցները խաթարել են Ռուսաստանից պարարտանյութերի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի վաճառքը։ Շատ արեւմտյան բանկեր եւ առեւտրականներ խուսափում են Ռուսաստանից առաքումներից՝ վախենալով խախտել արագ փոփոխվող կանոնները, իսկ նավագնացային ընկերությունները խուսափում են Սեւծովյան տարածաշրջանից՝ անվտանգության նկատառումներով:
Այս ամենը կրկնակի հարված է հասցնում համաշխարհային պարենային պաշարներին։
Ռուսաստանը եւ Ուկրաինան հացահատիկի հիմնական արտադրողներն են։ Նրանք միասին կազմում են ցորենի համաշխարհային արտահանման մոտ 30 տոկոսը եւ եգիպտացորենի արտահանման 20 տոկոսը: Սեւ ծովով հացահատիկի փոխադրումն արդեն խափանվել է։ Այս երկու երկրներից մատակարարումների դադարեցումը նպաստել է սննդամթերքի համաշխարհային ինֆլյացիային: Անցյալ շաբաթ Համաշխարհային բանկը հայտարարել է, որ մի շարք զարգացող երկրներ բախվում են ցորենի կարճաժամկետ դեֆիցիտի՝ ուկրաինական արտահանումից իրենց մեծ կախվածության պատճառով։
Բայց պարարտանյութերի ճգնաժամը որոշ առումներով ավելի անհանգստացնող է, քանի որ այն կարող է խափանել մնացյալ աշխարհում սննդի արտադրությունը, ասում է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերոն:
«Եթե մենք չլուծենք պարարտանյութերի խնդիրը, եւ դրանց առեւտուրը չշարունակվի, ապա հաջորդ տարի մատակարարման շատ լուրջ խնդիրներ կունենանք»,- Reuters-ին ասել է Տորերոն։





























