ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է մի նախագծի մասին, որի համաձայն հինգ տարվա ընթացքում երկրագնդի վրա յուրաքանչյուր մարդ կգտնվի եղանակի մասին վաղ նախազգուշացման համակարգի ազդեցության գոտում, քանի որ կլիմայի փոփոխության պատճառով բնական աղետներն ավելի հզոր եւ հաճախակի են դարձել, հաղորդում է AP-ն:
Գուտերեշն ասել է, որ Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության նախագիծը նպատակ ունի զարգացող աշխարհին հասանելի դարձնել նախազգուշացման համակարգերը, որոնք արդեն օգտագործվում են բազմաթիվ հարուստ երկրների կողմից:
Վաղ նախազգուշացման համակարգերն ապահովում են մթնոլորտային պայմանների իրական մոնիթորինգ ծովում եւ ցամաքում, ինչը թույլ է տալիս կանխատեսել առաջիկա եղանակային իրադարձությունները՝ քաղաքներում, գյուղական, լեռնային կամ առափնյա շրջաններում, ինչպես նաեւ չոր կամ բեւեռային շրջաններում:
Դրանց օգտագործման ընդլայնումը անհետաձգելի է դարձել, քանի որ ավելի շատ նախապատրաստական ժամանակը թույլ է տալիս մարդկանց պատրաստվել պոտենցիալ մահացու աղետներին, ինչպիսիք են անոմալ շոգը, անտառային հրդեհները, ջրհեղեղները եւ արեւադարձային փոթորիկները, որոնք կարող են առաջանալ կլիմայի փոփոխության հետեւանքով:





























