Իտալիան պետք է մերժի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջը, որ Եվրոպան ռուսական գազի համար ոչ թե եվրոյով, այլ ռուբլով վճարի։ Այս մասին Bloomberg-ի ֆորումում հայտարարել է Իտալիայի վարչապետի տնտեսական խորհրդական Ֆրանչեսկո Ջավացին։

Նրա խոսքով՝ կառավարությունը պահանջի վերաբերյալ որոշում չի կայացրել։ «Բայց ես կարծում եմ, որ ռուբլով վճարելը պատժամիջոցները շրջանցելու միջոց կլինի, եւ, հետեւաբար, կարծում եմ, որ մենք կշարունակենք եվրոյով վճարել»:

Նշենք, որ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կհրաժարվի բնական գազի մատակարարումների համար վճարումներ ընդունել իրենց վտանգի ենթարկող արժույթներով, ներառյալ դոլարով եւ եվրոյով, եւ կանցնի ռուբլով հաշվարկների: «Իմ կողմից որոշում է կայացվել, որ ամենակարճ ժամկետում իրականացվեն վճարումները փոխանցելու մի շարք միջոցառումներ, սկսենք սրանից՝ մեր բնական գազի համար, որը մատակարարվում է, այսպես կոչված, ոչ բարեկամ երկրներին՝ ռուսական ռուբլով»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ նման հաշվարկներում նախատեսվում է հրաժարվել բոլոր վտանգող արժույթներից։

Նախագահը նշել է, որ Ռուսաստանը գազը այլ պետություններին կշարունակի մատակարարել այն ծավալներով ու գներով, որոնք նախատեսված են նախկինում կնքված պայմանագրերով։