«Յուրաքանչյուր ռուսաստանցի պետք է իրավունք ունենա ընտրություն կատարել՝ մնալ Ռուսաստանում, թե լքել երկիրը Ռուսաստանի Դաշնության եւ Արեւմուտքի ներկայիս հարաբերությունների համատեքստում»,- ի պատասխան լրագրողներից մեկի խնդրանքին՝ պարզաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը «ռուսական հասարակության՝ դավաճաններից մաքրման» մասին, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մեծ քննարկում կա հասարակության մեջ, որովհետեւ հիմա, երբ պարզ դարձավ, թե ինչ հավաստիացումներ էին տալիս մեզ Արեւմուտքից այս տարիների ընթացքում՝ անվտանգության անբաժանելիության մասին, որ մենք բոլորս մեկ քաղաքակրթություն ենք՝ մեծ ու համընդհանուր… երբ պարզ դարձավ, թե ինչը եւ ինչպես է, իհարկե, մենք ելնում ենք նրանից, որ ՌԴ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա ընտրությունը կատարելու իր իրավունքը»,- հինգշաբթի մամուլի ասուլիսին ասել է Լավրովը։

«Եթե նրանք, ովքեր ցանկանում են ընտրել կյանքն այլ երկրում, այդպիսի որոշում են կայացնում, դա լիովին համապատասխանում է մեր օրենսդրությանը, դա իրենց ընտրությունն է, իրենց որոշումը»,- հավելեց նախարարը։

Հիշեցնենք, որ մարտի 16-ին ՌԴ սուբյեկտների սոցիալ-տնտեսական աջակցության հարցով հանդիպման ժամանակ Պուտինն ասել էր, որ «ռուս ժողովուրդը միշտ կկարողանա տարբերել իսկական հայրենասերներին դավաճաններից եւ պարզապես դուրս թքել նրանց, պատահաբար բերանի մեջ թռած ճանճի պես»: «Համոզված եմ, որ հասարակության նման բնական եւ անհրաժեշտ ինքնամաքրումը միայն կամրապնդի մեր երկիրը, մեր համերաշխությունը, համախմբվածությունը եւ ցանկացած մարտահրավերին արձագանքելու պատրաստակամությունը»,- ասել էր Պուտինը: