Չինաստանն ապատեղեկատվություն է անվանել պնդումները, թե նախապես իմացել է ուկրաինական հակամարտության մասին։ Այս բոլոր հայտարարությունները նպատակ ունեն մեղքը գցել Չինաստանի վրա եւ ցեխ շպրտել նրա վրա։ Այս մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Վու Կյանը։

Նա նշել է, որ ուկրաինական հարցն ունի բարդ պատմական համատեքստ եւ իրատեսական գործոններ։

«Այն, ինչ այսօր կատարվում է, որ տարբեր պատճառների համակցության արդյունք է։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ բոլորս էլ հասկանում ենք, թե որ գերտերությունն է ամենից շատ պատասխանատու ներկայիս ճգնաժամի համար։ Չինաստանն օբյեկտիվ եւ անաչառ դիրքորոշում է զբաղեցնում։ Չինաստանը կարծում է, որ ներկայիս ճգնաժամը կարգավորելու համար մենք պետք է հավատարիմ լինենք ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին եւ սկզբունքներին, հարգենք եւ պաշտպանենք բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Մենք պետք է հավատարիմ մնանք  անվտանգության անքակտելի սկզբունքին եւ հաշվի առնենք ներգրավված կողմերի օրինական անվտանգության շահերը։ Մենք պետք է վեճերը լուծենք երկխոսության եւ բանակցությունների ճանապարհով»,- նշել է նա։  

Նա նաեւ նշել է, որ Չինաստանի մոտեցումը խիստ տարբերվում է ԱՄՆ-ի մոտեցումից, որը ստեղծել է այս ճգնաժամը։ «Մենք հույս ունենք, որ բոլոր կողմերը կարող են բաց պահել երկխոսության, խորհրդակցությունների եւ բանակցությունների դուռը՝ լարվածությունը նվազեցնելու համար։ Չինաստանը կշարունակի հետագայում եւս կառուցողական դեր խաղալ խաղաղության որոնման եւ խաղաղության հասնելու գործում»,- հավելել է նա։