G7-ի երկրների ղեկավարները Բելառուսին կոչ են արել «խուսափել հետագա էսկալացիայից եւ զերծ մնալ Ուկրաինայի դեմ իր զինված ուժերը օգտագործելուց»։ Այս մասին ասվում է Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով G7-ի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։

«Ավելին, մենք կոչ ենք անում բոլոր երկրներին ռազմական կամ այլ օգնություն չտրամադրել Ռուսաստանին՝ իր ագրեսիան Ուկրաինայում շարունակելու համար։ Մենք զգոն կլինենք ցանկացած նման օգնության հանդեպ։

Մենք ջանք չենք խնայի նախագահ Պուտինին, այս ագրեսիայի ճարտարապետներին ու աջակիցներին, այդ թվում՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար։ Այդ նպատակով կշարունակենք աշխատել մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ ամբողջ աշխարհում»,- նշվում է հայտարարության մեջ։

Առաջնորդները իրենց համապատասխան նախարարներին հանձնարարել են նպատակաուղղված նախաձեռնության շրջանակներում վերահսկել պատժամիջոցների ամբողջական կատարումը եւ համակարգել պատժամիջոցներից խուսափելու դեպքում պատասխան միջոցառումները, այդ թվում՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից ոսկու գործարքների հետ կապված: