G7-ի երկրների առաջնորդները կարծում են, որ պարենային ճգնաժամի պատճառը «նախագահ Պուտինի պատերազմն» է։

«Ռուսաստանի դեմ մեր պատժամիջոցներ կիրառելիս հաշվի է առնվում գյուղատնտեսական արտադրանքի համաշխարհային առեւտրի վրա ազդեցությունից խուսափելու անհրաժեշտությունը։ Մենք նախկինի պես վճռական ենք՝ ուշադիր հետեւելու իրավիճակին եւ անելու ամեն ինչ՝ կանխելու պարենային անվտանգության համաշխարհային ճգնաժամը։

Մենք հետեւողականորեն կօգտագործենք ֆինանսական բոլոր գործիքներն ու մեխանիզմները՝ ապահովելու պարենային անվտանգությունը եւ բարձրացնելու գյուղատնտեսության ոլորտի կայունությունը։ Մենք կվերացնենք գյուղատնտեսական արտադրության եւ առեւտրի հնարավոր խափանումները, հատկապես խոցելի երկրներում: Մենք պարտավորվում ենք ապահովել Ուկրաինային սննդի կայուն մատակարարմամբ»,- ասվում է առաջնորդների հայտարարության մեջ։

Նրանք նաեւ կոչ են արել Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելու Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հետեւանքները համաշխարհային պարենային անվտանգության եւ գյուղատնտեսության համար։

«Մենք Գյուղատնտեսական շուկաների տեղեկատվական համակարգի (AMIS) բոլոր մասնակիցներին հորդորում ենք շարունակե  տեղեկատվության փոխանակումը եւ ուսումնասիրել գները վերահսկողության տակ պահելու հնարավորությունները, ներառյալ՝ պաշարների տրամադրումը, մասնավորապես, ՊՀԾ-ին: Մենք կխուսափենք արտահանման արգելքներից եւ այլ միջոցներից, որոնք սահմանափակում են առեւտուրը, աջակցում են բաց եւ թափանցիկ շուկաներին եւ խրախուսում են մյուսներին անել նույնը՝ համաձայն Առեւտրի համաշխարհային կազմակերպության  կանոնների:

Միջազգային կազմակերպություններն ու բազմակողմ ֆորումներն այլեւս չպետք է բնականոն կերպով գործունեություն վարեն Ռուսաստանի հետ։ Մենք սերտորեն կաշխատենք մեր գործընկերների հետ՝ ելնելով ընդհանուր շահերից, ինչպես նաեւ համապատասխան հաստատությունների կանոններից ու դրույթներից»,- ասվում է Բրյուսելում G7-ի գագաթաժողովի արդյունքներով տարածված հայտարարության մեջ։