Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ասել է, որ ԵՄ առաջնորդներին կպատմի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի մարդասիրական առաքելության անհրաժեշտության մասին։ Նա ասել է, որ պետք է «հաշվի առնել այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, դա կոտորած է», հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ պետք է ավելի շատ պատժամիջոցներ սահմանվեն, քան ներկայումս համաձայնեցված է։ Նա նշել է, որ պետք է սահմանափակել, օրինակ, ռուսական նավերի՝ նավահանգիստներ մուտքը։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանին պետք է զրկել ֆինանսավորումից եւ նավթի ու գազի վաճառքից։ «Մենք պետք է վճռականորեն գործենք նավթի, գազի եւ ածխի հարցով պատժամիջոցների ոլորտում։ Եթե ​​այսօր չվճարենք այդ գինը, այսպես թե այնպես վաղը կամ մյուս օրը կվճարենք»,- ասել է նա։

Նա զգուշացրել է, որ պատերազմի գինն էլ ավելի բարձր կլինի, եթե Ռուսաստանին թույլ տրվի իր ձեւով շարժվել։ «Եթե Ուկրաինան ջախջախվի, Պուտինը կշարժվի դեպի Հելսինկի, Վարշավա, Բուխարեստ, միգուցե նաեւ Բեռլին»,- նրա խոսքը մեջբերում է AFP-ը։

Մորավեցկին հավելել է, որ Եվրոպական խորհրդի գագաթաժողովի ընթացքում կխոսի ՆԱՏՕ-ի, այլ երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից մարդասիրական առաքելություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ «Այսօր Լեհաստանը փորձում է կազմակերպել հումանիտար, դիվանագիտական ​​եւ քաղաքական, ինչպես նաեւ պաշտպանական զենքի մատակարարումների տեսքով օգնություն, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը։ Դրանից կախված կլինի Լեհաստանի, Եվրոպայի եւ աշխարհի անվտանգությունը»,- ասել է նա։