Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի հետ փոխզիջման հասնելու համար հանրաքվեի անհրաժեշտության վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկը համարել է «խելացի ղեկավարման» դրսեւորում։
Ավելի վաղ Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու համար ձեռք բերված ցանկացած փոխզիջում պետք է դրվի հանրաքվեի։
Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում Էրդողանը նաեւ ասել է, որ Թուրքիան չի կարող պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ էներգետիկ կարիքների եւ համագործակցության պատճառով։ Նրա խոսքով՝ առաջիկա օրերին ինքը առանձնազրույց կունենա իր ուկրաինացի եւ ռուս գործընկերների հետ, հաղորդում է Reuters-ը։
«Մեր կողմից օգտագործվող բնական գազի գրեթե կեսը մենք գնում ենք Ռուսաստանից։ Մենք Ռուսաստանի հետ կառուցում ենք Ակկույու ատոմակայանը։ Մենք չենք կարող դա մի կողմ դնել»,- ասել է Էրդողանը։ «Այս հարցում մենք պետք է պահպանենք մեր զգոնությունը։ Առաջին հերթին, ես չեմ թողնի, որպեսզի իմ ժողովուրդը սառչի։ Երկրորդ հերթին, ես չեմ կարող կասեցնել մեր արդյունաբերությունը»,- հավելել է նա։
Նրա խոսքով՝ ուկրաինացի եւ ռուս բանակցողները կարողացել են համաձայնության գալ վեց հիմնական հարցերից չորսի շուրջ, սակայն Դոնբասի եւ Ղրիմի տարածքային հարցերը մնացել են։





























