Մոսկվայում ձերբակալված մեծաթիվ ներգաղթյալների խմբում, հուլիսի 27-ի տվյալներով, Հայաստանի 8 քաղաքացիներ կան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան խորհրդատու Էդուարդ Ջամբազյանը:
«Կատարվում է փաստաթղթերի ստուգում, հստակեցվում է նրանց իրավական կարգավիճակը»,- նշեց դեսպանատան ներկայացուցիչը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի ոստիկանները շուրջկալ են կազմակերպել ապօրինի ներգաղթյալների ճամբարներից մեկում: Ձերբակալվել է 70 ներգաղթյալ:
Քաղաքի արեւմտյան մասում ոստիկաններն անտառում ապաստարան են գտել, որտեղ ապրել են Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Միջին Ասիայի երկրների քաղաքացիներ: Նրանք քնել են մատրասների վրա:
Ներգաղթյալները բնակություն են հաստատել իրենց աշխատավայրերին մոտ գտնվող վայրում` երկաթգծի հարակից տարածքի երկայնքով:
«Ներկայումս բոլոր ներգաղթյալները բերման են ենթարկվել ներքին գործերի վարչություն, նրանց նկատմամբ ձեռնարկվել են վարչական ներազդեցության միջոցներ` ՌԴ միգրացիոն օրենսդրության համաձայն»,- հայտնել են ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչությունում:




























