Իսրայելը հաջորդ շաբաթ կանցկացնի «պատմական» հնգակողմ տարածաշրջանային գագաթնաժողովը, ուրբաթ օրը հայտարարել է արտգործնախարար Յաիր Լապիդը, փոխանցում է Reuters-ը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի եւ Մարոկկոյի արտաքին գործերի նախարարները կիրակի եւ երկուշաբթի կժամանեն Իսրայել՝ մի շարք դիվանագիտական հանդիպումների համար, ասվում է Լապիդի հայտարարության մեջ։
ԱՄԷ-ն եւ Բահրեյնը Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորեցին 2020 թվականին՝ ԱՄՆ միջնորդությամբ կնքված գործարքով, որը հայտնի է որպես Աբրահամի համաձայնագիր՝ նոր տարածաշրջանային դինամիկա ստեղծելով: Անցյալ տարի նրանց օրինակին հետեւեց Մարոկկոն:
Եգիպտոսի, Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդները երեքշաբթի հանդիպեցին Շարմ էլ-Շեյխ հանգստավայրում՝ անվտանգության ոլորտում Վաշինգտոնի պարտավորությունների վերաբերյալ անորոշության շրջանում ուկրաինական կոնֆլիկտի տնտեսական հետեւանքների եւ Իրանի ազդեցության մասին բանակցությունների համար:





























