ԱՄՆ-ն կոչ է անում խստացնել ԿԺԴՀ-ի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները նոր հրթիռի փորձարկումից հետո, հաղորդում է PA MEDIA-ն։

Հյուսիսային Կորեայի պետական ​​լրատվամիջոցները հայտնել են 2017թ․ ի վեր առաջին հեռահար գործողության հրթիռի փորձարկման մասին։ Հարավային Կորեան եւ Ճապոնիան հայտարարել են, որ գրանցել են Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի փորձարկում:

Ուրբաթ օրը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ասել է, որ ԱՄՆ-ն բանաձեւ կառաջարկի՝ ՄԱԿ-ի պատժամիջոցները «թարմացնելու եւ ուժեղացնելու համար»: Նա հրաժարվել է մանրամասնել, թե դրանք ինչ միջոցներ կլինեն։

Խորհուրդն ի սկզբանե պատժամիջոցներ է սահմանել 2006թ․ Հյուսիսային Կորեայի առաջին միջուկային փորձարկումից հետո, ապա տարիների ընթացքում խստացրել դրանք։ Սակայն անցյալ աշնանը Չինաստանը եւ Ռուսաստանը, որոնք ունեն վետոյի իրավունք, կոչ են արել չեղարկել տարբեր պատժամիջոցներ:

Հյուսիսային Կորեան խորհրդի նիստում ելույթ չի ունեցել։ Իրավիճակը մեկնաբանելու խնդրանքով հաղորդագրություն է ուղարկվել ՄԱԿ-ում նրա ներկայացուցչությանը։