Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստան ներմուծվի միայն անվտանգ սննդամթերք: Այս մասին այսօր` հուլիսի 28-ին, լրագրողների հետ ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը` հավելելով, որ ըստ օրենքի` ժամկետանց սնունդը չպետք է ներմուծվի Հայաստան:

Նա ներկայացրեց Հայաստան ներկրվող սննդամթերքի վերահսկման կարգը:

Ըստ այդմ, նախնական փաստաթղթային զննումից հետո (պետք է ունենան համապատասխան սրետիֆիկատ), ներկրվող սննդամթերքի արտաքին զննում են իրականացնում, այնուհետեւ եթե արտառոց խնդիրներ են նկատվում, ապա նմուշառում են վերցնում, իսկ հիմնավոր եզրակացության հիման վրա թույլատրվում է նաեւ ամբողջ խմբաքանակը վերցնել: Իսկ եթե փաստաթղթերը նորմալ են լինում եւ արտաքինից էլ ոչ մի խնդիր չի լինում, ապա նմուշառում չի արվում:

Նրա խոսքով` ԱՊՀ եւ ԵՄ երկրներից սննդամթերքի ներմուծման կարգը տարբեր է, իսկ Ճապոնիայի երկրաշարժից հետո արգելվում է այդ երկրից որեւէ հումքի ներմուծումը Հայաստան, ինչպես նաեւ` տարանցիկ փոխանակումը:

Ինչ վերաբերում է ներկրվող  մթերքների մեջ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների առկայությանը, ապա  Հ. Մկրտչյանն ասաց, որ Հայաստանում չունենք իրավական ակտ, որով չի թույլատրվում նման բաղադրիչները ներմուծել ու արտահանել: «Բայց սննդամթերքի անվտանգության մասին մեր օրենքով, եթե կա գենետիկորեն աճեցված ապրանք, ապա պետք է մակնշվի, իսկ մեկ այլ օրենքով` մանկական սննդի մեջ գենետիկական բաղադրիչ ընդհանրապես չպետք է լինի: Իսկ պաշտոնական տվյալներով` ոչ մի գենետիկորեն աճեցված ապրանք ՀՀ-ում չկա»,- ասաց նա: