Թուրքիան հույս ունի, որ ՌԴ-ի եւ Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը Ստամբուլում օգտակար կլինի բանակցային գործընթացի համար, եւ պատրաստ է կազմակերպել երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Այս մասին երեքշաբթի ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ «Դոլմաբահչեի» իր աշխատասենյակում դիմելով պատվիրակությունների մասնակիցներին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Բարի գալուստ Թուրքիա եւ մեր Ստամբուլ։ Մենք ուրախ ենք դիմավորել ձեզ այս կրիտիկական պահին, դուք մեծ ջանքեր եք գործադրել ձեր երկրների անունից։ Հակամարտությունն [Ուկրաինայում] խիստ մահոգում է մեզ՝ որպես ձեր բարեկամի եւ հարեւանի։ Ճգնաժամի ամենասկզբից մենք անկեղծ ջանքեր ենք գործադրել բոլոր մակարդակներում եւ ջանացել ենք կատարել բարեկամության, բարիդրացիության եւ օրենքների պահանջները։ Մենք ցուցադրել ենք արդարացի մոտեցում, որը պաշտպանում է երկու կողմերի իրավունքները այն բոլոր պլատֆորմներում, որտեղ մենք ձայնի իրավունք ունենք»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը հույս է հայտնել, որ Ստամբուլում հանդիպման ժամանակ առաջընթաց գրանցելու դեպքում ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունները կարող են անցնել հաջորդ փուլին։ «Առաջընթացը, որին դուք կհասնեք բանակցություններում, թույլ կտա նաեւ հաջորդ՝ առաջնորդների մակարդակով շփման փուլ անցնել։ Մենք նաեւ պատրաստ ենք այդպիսի հանդիպում կազմակերպել»,- հույս է հայտնել Թուրքիայի նախագահը։
Էրդողանն ասել է, որ իրավիճակն Ուկրաինայում խորապես վշտացնում է Թուրքիային, որը Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարեւանն ու բարեկամն է։
Դիմելով ՌԴ-ի եւ Ուկրաինայի պատվիրակություններին՝ Էրդողանը հրադադարի կոչ է արել։





























